Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան
16:48 - 25 օգոստոսի, 2021

Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Ելույթս կսկսեմ կառավարության ծրագրի նախաբանում հնչեցրած և ներկայացված  մի քանի մտքերից։ Նախաբանում նշվում է, ինչպես նաև կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Հիմա նույն կառավարության ծրագրի նախաբանի երկրորդ մասում միաժամանակ նշվում է, որ կառավարությունը գիտակցում է, այս խնդրի լուծումը, այսինքն՝ այս առաքելության իրականացումը, կախված չէ միայն Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, և այս հարցով երկրում կա կոնսեսուս, խաղաղությունը առաջնային է բոլորի համար։ Աբրահամյանի խոսքով, սակայն,  հաջորդ տողում գրել, որ ստեղծված իրավիճակում մեզանից կախված չէ, արդեն իսկ խնդիր է և ցույց է տալիս կառավարության ծրագրի նախաբանում ստեղծված հակասությունների մասին։ Աբրահամյանը շեշտեց, թե այս մասին խոսում է նաև այն պատճառով, որ ընտրական ժամանակահատվածում  այս դրույթն օգտագործվում էր որպես ընտրական տեխնոլոգիա, այսինքն՝ ներկայացվում էր որպես հանրությանը խաղաղություն բերելու դրույթ, մոտեցում։ Պատգամավորը հավելեց․

 «Կարծում եմ, որ այստեղ մանիպուլյացիոն գործոնը բավականին մեծ է։ Ես մի քանի հարցադրումներ արեցի, երեկ այս դահլիճում ստեղծված իրավիճակի պատճառով քննարկումը  դրա շուրջ չգնաց, բայց ես այդ հարցադրումները այստեղ ևս կհնչեցնեմ, որովհետև կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար դա շատ ավելի առաջնային է, քան վերջին օրերին այս դահլիճում ծավալվող գործընթացները։ Առաջինը կապված է հետևյալ իրավիճակի հետ․ փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստթղթով ներկայացված չէին Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց  պատերազմի սպառնալիքների ներքո մենք դրանք տվել ենք Ադրբեջանին։ Հարցը բերեմ Ադրբեջանի դաշտ և վտանգներն ու սպառնալիքերը այդ տեսանկյունից ներկայացնեմ։ Արդյոք Ադրբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով այդ նախադեպը, որ իրենք կարողացել են փաստաթղթից դուրս տարածքներ զավթել, բռնազավթել, այս իրավիճակում ունեն այլ հնարվորություն  Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու և Հայաստանից նոր տարածքներից խլելու համար»։

Աբրահամյանի կարծիքով հաջորդ կարևոր դրույթն այն է, որ կառավարության ծրագրում չկա Արցախի հանրապետություն եզրույթը։ Աբրահամյանը հարց ուղղեց՝  «դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա մտածելակե՞րպ է, թե ի՞նչ է»։ Սա այն պայմաններում, երբ կառավարության ծրագրում բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, դա պաշտոնական փաստաթուղթ է, բայց նշված չէ Արցախի Հանրապետություն։

«Կարող ենք ենթադրել, որ միգուցե սա պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունը չսրելու հետ, սրա հետ կապված կարծում եմ, որ մենք պարզաբանման կարիք ունենք, որովհետև սուբեկտայնության խնդիր կա, և ընդհանուր մոտեցումներում սա պետք է պարզաբանվի։ Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածում նաև նշվում է, որ կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Տեսեք՝ կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարց որևէ ձևով առաջին պլան բերված չէ։ Եթե այս կառավարության համար առաջնայինն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները ապրեն Արցախում, և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենան, ապա ես ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերել չի ստացվում և դրա արձագանքը նկատվում է նաև Արցախի հանրության տարբեր շրջանակներում»,- ընդգծեց Աբրահամյանը։

Խոսելով  անվտանգության բլոկում ամրագրված մի քանի կարևոր դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարության ծրագրում որևէ բան չի գտել սպաների վերաբերյալ։ Պատգամավորի կարծիքով բանակային ցանկացած ռեֆորմի, անվտանգության ուղղությամբ ցանկացած փոփոխության հիմքում սպան է։

«Եթե մենք սպայի գործոնը երկրորդ-երրորդ պլան ենք մղում, ապա միանգամից ասեմ, որ այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն։ Պրոֆեսիոնալ բանակի հետ կապված, դրույթներից մեկում նշված է, որ աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի կայացմանն ենք գնալու, պայմանագրայինների թիվն ավելանալու է։ Նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացում այդ պայմանագրայինների աճը տեղի է ունեցել, և սա որևէ նոր բան իրենից չի ներկայացնում։ Եթե չեմ սխալվում նաև միջև պատերազմական գործողությունները ՀՀ ԶՈՒ-ում պայմանագրայինների և ժամկետայինների հարաբերակցությունը մոտ 85-ը 15-ի էր, ի օգուտ պայմանագրայինների։  Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, ոչ որևէ կերպ ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է, ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ, ԶՈՒ-ն որևէ կերպ ապահովելու է Արցախի անվտանգությունը, թե ոչ։ ԶՈՒ-ն խնդիր ունի՞ արդյոք, որ էֆեկտիվ բանակցությունների պայմանում Արցախում մարտ վարեն։  Ցավում եմ, բայց բազմաթիվ խնդիրների որևէ պատասխան այս ծրագրում չեմ տեսնում»,- եզրափակեց Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել