ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հրավիրել են քննարկում՝ հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցի շրջանակներում։
Ինչպես նշեց Թաթոյանը, զեկույցն ամբողջությամբ հիմնված է ապացույցների վրա, ունի բացառիկ հիմնավորվածություն։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հիմնվելով միջազգային կոնվենցիաների վրա, նախ բացատրեց, որ ելակետային դրույթ է այն, որ գերեվարման մեջ հայտնվելիս, անկախ հանգամանքից, թե որ պաշտոնատար անձինք, ԶՈՒ ներկայացուցիչներ են ներգրավված գերեվարմանը, ռազմագերիները համարվում են գերեվարած պետության պատասխանատվության ներքո գտնվողներ։ Եվ անկախ նրանից, թե գերեվարողները հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տված խախտումների համար, միեւնույն է՝ գործում է պետության պատասխանատվության սկզբունքը․ «Գերեվարման երաշխիքները սկսում են գործել ամենասկզբից։ Գերիները, ռազմագերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, չի թույլատրվում նրանց պահել բանտերում։ Եթե կան հենց ռազմագերիների անվտանգությանն առնչվող հարցեր, եւ միակ բացառիկ միջոցը մեկուսացումն է, միայն այդ դեպքում կարող է կիրառվել նման միջոց, ընդ որում՝ փաստական հանգամանքների ապացուցման բեռն ընկնում է գերեվարող պետության վրա»,- մանրամասնեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ չի թույլատրվում գերիներին ենթարկել ֆիզիկական բռնության ու տանջանքների։
Զեկույցը միանգամից շարադրվել է անգլերենով, այն ասուլիսից հետո բոլոր փաստերով հանդերձ կհրապարակվի։ Բայց մինչ այդ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։
Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ «Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։
Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․
«Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։
Պաշտպանը հատուկ անդրադարձավ նրան, որ գերիները զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ եւ այլն, եւ մարդիկ հաճախ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ սեփական հագուստի մասերը պատռելով։
Թաթոյանը մի առանձնահատկություն նշեց, որ երբ իմացել են, որ կա՛մ Կարմիր Խաչը, կա՛մ ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները այց են իրականացնելու, սկսել են նորմալ վերաբերվել գերիներին եւ առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ նախապես պատրաստել են։
ՄԻՊ-ը նշեց, որ գերիներին հատուկ դաժան են վերաբերվել՝ հատկապես ստանալու ցանկալի տեղեկություններ, օրինակ՝ անձնական կյանքի վերաբերյալ, հեռախոսահամար, հասցե եւ այլն, պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն փաստաթղթեր, ծաղրել են, ստիպել, որ Ադրբեջանի նախագահին գովերգող ու ՀՀ ղեկավարությանը նվաստացնող արտահայտություններ անեն։
«Զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելանում) եղել է հարսանիք, ինքը նռնակով պայթեցրել է տունը, եւ արդյունքում մահացել են 50 ադրբեջանցիներ, ապա սպանել է մոտեցող հարեւանին․ սա ստիպողաբար վերցվող տեղեկություններից է։ Եղել են դեպքեր, երբ խոշտանգելով ստացել են ցանկալի տեղեկություններ՝ իշխանություններին ցույց տալու նպատակով կամ հրապարակումներ անելու միտումով։ Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, այն ռազմագերիներին, որոնք մասնակցել են Արցախյան առաջին կամ Ապրիլյան պատերազմին»,- պատմեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ նույնանման, երբեմն առավել դաժան խոշտանգումներ են եղել գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ։
comment.count (0)