Համայնքների խոշորացման ընթացքում լինելու են կրքեր բորբոքելու փորձեր. Վարչապետը կոչ է անում չտրվել դրանց |armenpress.am|
12:58 - 08 սեպտեմբերի, 2021

Համայնքների խոշորացման ընթացքում լինելու են կրքեր բորբոքելու փորձեր. Վարչապետը կոչ է անում չտրվել դրանց |armenpress.am|

armenpress.am: Խոշորացված բոլոր համայնքներում արդեն տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ, ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով:

Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելացնելով, որ սա իրենց քաղաքական թիմի խոստումներից է եղել:

«Համայնքների խոշորացումը նոր չի մեկնարկել: Պետք է արձանագրենք, որ 2018-ից մենք շատ կարևոր ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում:

Սուբվենցիոն  ծրագրերն այն ծրագրերն են, որտեղ համայնքը կառավարության հետ համատեղ իրականացնում է կոնկրետ ծրագիր: Այսինքն, ֆինանսավորման մի մասը տարբեր բաղադրիչներով համայնքը եւ կառավարությունը տարբեր չափաբաժիններով ֆինանսավորում են: Մենք ունենք շատ հաջողված օրինակներ, երբ սուբվենցիոն ծրագրին մասնակցություն են ցուցաբերել նաեւ մասնավոր անձինք»,-ասաց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ եթե իրենք 30 համայնք միավորում են և դարձնում մեկ համայնք, որտեղ կա այդքան համայնքի ղեկավար, աշխատակազմ, հասկանալի է, որ կրքեր բորբոքելու փորձեր են լինելու:

«Ես ուզում եմ կոչ անել չտրվել այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքները առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»,–ասաց նա և նշեց, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ–կառավարության տիրույթում, այսինքն՝ քաղաքական մեծամասնության տիրույթում է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, նշեց, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։

«Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ չորս անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,–ասաց նա։

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով առաջարկում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37 համայնք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել