Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը
18:08 - 14 սեպտեմբերի, 2021

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը

Կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում բավարարեց «Նորմեդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը, որով վերջինիս տրվեց ներկրվող տեխնոլոգիաների մաքսատուրքից ազատման արտոնություն։ Համաձայն կից ներկայացվող հավելվածի՝ ընկերությունը պատրաստվում է Չինաստանից ներկրել երկու տեսակի շարժական վիրաբուժական լույս՝ ընդհանուր 6 մլն 458 հազար դրամ արժողությամբ։

Ու՞մ է պատկանում «Նորմեդ» ՍՊԸ-ն

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նորմեդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականի փետրվարի 27-ին։ Հիմնադիրները եղել են Ռուզաննա Բարսեղյանը և Գարեգին Ալթունյանը, իսկ տնօրենը՝ Սուրիկ Ալթունյանը։ Այժմ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Սուրիկ Ալթունյանին, ով նաև ընկերության տնօրենն է։

Գարեգին Ալթունյանը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանի հարազատ եղբայրն է, ինչի մասին վկայում է ՀՀ ընտրողների ռեգիստրը, համաձայն որի՝ Գևորգ և Գարեգին Ալթունյանները գրանցված են միևնույն հասցեում և նրանց հայրանունները նույնն են։ Իսկ ընկերության այժմյան բաժնետերը նրանց հետ ունի բարեկամական կապ։

Սուրիկ Ալթունյանի կապը չի սահմանափակվում միայն Գևորգ Ալթունյանի հետ բարեկամական կապով։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի մորեղբայրն է։ Բաթոյանը հայտարարատու պաշտոնատար անձ է, հետևաբար նրա հետ համատեղ բնակվող անձինք նույնպես պարտավորվում են ներկայացնել տարեկան հայտարարագրեր։ Բաթոյանի հետ որպես համատեղ բնակվող անձ հայտարարագիր է ներկայացրել նրա մայրը՝ Աղավնիկ Աշոտի Ալթունյանը։ Վերջինս Սուրիկ Աշոտի Ալթունյանի քույրն է։

Հատկանշական է, որ արտոնություն ստացած ընկերությունը 2020 թվականին 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Բացի սրանից հետաքրքիր է այն, որ նշված ընկերությունից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել սկսած 2017 թվականից։ Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն պետական գնումների՝ այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով, սկսել է մասնակցել Գևորգ Ալթունյանի՝ վարչության պետ դառնալուց հետո, իսկ նշված ընկերությունից պետական գնումները շատացել են Զարուհի Բաթոյանի պաշտոնավարումից հետո։

«Նորմեդ» ՍՊԸ-ի մասնակցությունը պետական գնումներին

Հանրային ռադիոընկերությունն ու Առողջապահության նախարարությունը նշված ընկերության հետ կնքել են 14 գնման պայմանագիր, որից 11-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով, 1-ը՝ բաց մրցույթով, սակայն առանց հայտարարության, մյուս երկուսը եղել են որպես գնում չհանդիսացող ծախս։

Ընդհանուր առմամբ՝ բոլոր պայմանագրերի արժեքը միասին կազմել է 91 մլն 520 հազար դրամ, որից 84 մլն 601 հազար դրամը՝ 92,4%-ը, եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների զգալի մասը՝ 10 պայմանագիր, կնքվել է 2020 թվականին, հենց այն տարում, երբ ընկերությունը 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2020 թվականի գնումների ընդհանուր արժեքը կազմել է 65 մլն 523 հազար դրամ։ 

Այսպիսով՝ կառավարության որոշմամբ արտոնություն է տրվել մի ընկերության, որը 2020 թվականին 1 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը, որի բաժնետերը բարեկամական կապեր ունի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ, և որից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել