Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
12:37 - 14 սեպտեմբերի, 2021

Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Երևանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանը ողջունեց իր գործընկերոջ՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց վերջին երկու օրերին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում:

«Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»,- հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Քերոբյանի խոսքով՝ թե՛ հայկական և թե՛ ուկրաինական կողմերը համաձայնել են, որ հայ-ուկրաինական հարաբերությունները շատ մեծ և չիրացված ներուժ ունեն, օրինակ, տուրիզմի ոլորտում, և արժե, որ հայ և ուկրաինացի տուրօպերատորները փոխայցեր կատարեն՝ ուսումնասիրություններ իրականացնելու և քաղաքացիների համար զբոսաշրջության նոր փաթեթներ կազմելու նպատակով:

«Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է այս կետը ավելի մանրամասնորեն ներառենք մեր արձանագրության մեջ և այնպես անենք, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան մինչև մեր հաջորդ հանդիպումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Երկրորդ կարևոր կետը, որ ներառվելու է հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության մեջ, հայ-ուկրաինական բիզնես ֆորում կազմակերպելու հարցն է: Վահան Քերոբյանը վստահ է, որ այդ հանդիպումների արդյունքում ծնվելու են նոր բիզնես գաղափարներ, նոր նախաձեռնություններ և համատեղ նախագծեր:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ մինչև հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2022 թ. մայիսին, երկու կողմերը ցույց կտան հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մարինա Լազեբնան, ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ ստորագրված արձանագրությունը շատ լավ ճանապարհային քարտեզ է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Կորոնավիրուսի հարուցած գլոբալ ճգնաժամից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք դրական դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը մեր երկրների համար առանցքային ոլորտներում: Ուկրաինան միշտ էլ ի դեմս Հայաստանի տեսել է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում, և այսօր ես կուզեի մատնանշել բոլոր այն կարևոր ոլորտները և ուղիղ գործընկերային հարաբերությունների կառուցումը, նոր շուկաների բացումը, համագործակցությունը ինչպես մեր երկրների կառավարությունների, այնպես էլ գործարարների միջև փոխշահավետ պայմանների հիման վրա»,- նշեց Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը:

Մարինա Լազեբնայի խոսքով՝ վերջին անգամ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովը հավաքվել է 8 տարի առաջ, և այս ընթացքում այնպիսի հնարավորություններ են ի հայտ եկել երկկողմ առևտրաշրջանառության աճը ապահովելու համար, որոնք չի կարելի ձեռքից բաց թողնել: Ուկրաինացի նախարարի խոսքով՝ այդ հնարավորությունները ստեղծվել են, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործական, ինֆորմացիոն-կոմունիկացիոն և էներգետիկ ոլորտներում:

«Առևտրային հարաբերություններում մեր խնդիրն է ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառությունը, վերականգնել մինչճգնաժամյան մակարդակը, այլև որակապես ընդլայնել անվանակարգային ապրանքները»,- հայտարարեց Մարինա Լազեբնան:

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան:

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները կստորագրեն միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո ճեպազրույց կունենան ԶԼՄ ներկայացուցիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել