Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին
17:33 - 14 սեպտեմբերի, 2021

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ադրբեջանական ուժերը տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր։ Այսինքն՝ իրենց լոկացիայի առումով ոչինչ չի փոխվել, ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Խոսքը վերաբերում է այն ելակետային դիրքերին, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են եւ ճանապարհի այդ հատվածը գտնվում են Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, իրենք տեղակայված են այդտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ 

Լրգարողների այն հարցին, թե ինչու է հայկական կողմն այս պահին առաջնորդվում Խորհրդային Միության քարտեզով Աղաջանյանը նշեց, որ այլ քարտեզներ չկան։ Աղաջանյանի կարծիքով պաշտոնյանների եւ գերատեսչությունների կողմից ադրբեջանական տեղանուններ օգտագործելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների վրա։ 

Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության՝ հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ եւ հարցերի ամբողջ շրջանակը մանրամասն քննարկվել է։ 


«Մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հետեւյալն է․ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության սկիզբ կամ մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի։ Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն իրենց գործիքակազմում եղած բոլոր այն ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»,- մանրամասնեց պատգամավորը։

Լրագրողի այն հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել եւ արդյոք այս հենակետն է եղել ճանապարհը բացելու համար։ Աղաջանյանը պատասխանեց․
«Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ եւ իրենց բանակցությունների արդյունքում է այդ խնդիրը լուծվել է։ Նման պայմանավորվածություն չի եղել, գինը դա չէր։ Ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը։ Մենք գնում ենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից։ Այդ սադրանքները կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- եզրափակեց Աղաջանյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել