Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան |1lurer.am|
18:45 - 15 սեպտեմբերի,2021

Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ շեշտելով, որ երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պետք է այդ խոսակցությունը սկսելու համար նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել: 

«2021 թվականի գարնանը, երբ սկսեցի հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, ի հայտ եկավ մի խոսակցություն և բանաձևվեց հետևյալ կերպ, որ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պիտի կառավարվի: Այս խոսույթով մենք հանդես եկանք ընտրությունների նախորդած շրջանում, և ընտրություններում այս կոնտեքստը ներկա էր: Մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ: Մենք գնահատել ենք այդ ազդակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բազման վերաբերյալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանի միջազգային մի շարք գործընկերներ հրապարակային պատարստակամություն են ցուցաբերել՝ աջակցելու այդ գործընթացին:

«Երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ խոսակցությունը սկսելու համար: Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային: Կարծում եմ, որ խոսակցությունը տրամաբանորեն պետք է լինի նախ աշխատանքային, ապա եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն կամ կարող են լինել նաև հրապարակային: Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչ հայտարարել ենք և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,-ասաց Փաշինյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել