Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան
13:31 - 17 սեպտեմբերի, 2021

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Ես կարծում եմ, որ պարգևավճարների հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ պարգև՝ պարգևատրման տեսքով։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճարներ, ինչն իրենց համար անընդունելի է։ 

«Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին, այսինքն հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար՝ տարբեր չափերի, ըստ իրենց զբաղեցրած պաշտոնի»,- նշեց նա։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այդ պարգևավճարներից չի օգտվելու։ «Գումարը կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։

Հավելենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ որոշվել է, որ ՀՀ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Աժ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Անդրադառնալով ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացնելուն՝ Տիգրանյանն ասաց․ «Պետք է ասել, որ սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի, փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքները իրականացվել են լռելյայն, առանց դրանց մասին ասուլիսներ տալու և հանրությանը ավելորդ ցնցումների մեջ գցելու, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք իրականցվել են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված։ Բնականաբար դրական ենք գնահատում այս գործողությունները և կանխատեսելի էր, գիտեինք, որ գանագատ է ներկայացվելու, և չէր բացառվում որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գանգատ։ Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերն ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել