«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան
14:10 - 17 սեպտեմբերի, 2021

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, չի կարող այդպես լինել։ Ավելին, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղված իրավիճակին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում, ի պատասխան լրագրողների հարցին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Վարդևանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին ընդունված օրենքը այդպիսի «արժեք ունենար», ապա կլինեին հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ԱԳՆ կողմից։

«Թե՞ ձեզ թվում է, որ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, իհարկե լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ուներ զրո արժեք։ Միջազգային իրավունքի ցանկացած տարրական գիտելիք ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը, հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով, որը, ի դեպ, ընդունվել է դեռևս 1995 թվականին, փոփոխությունների մասին է խոսքը»,- հավելեց Վարդևանյանը։ 

Վարդևանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ Պատգամավորի խոսքով՝ դա վկայում է նաև այն իրական կյանքը, որը մենք տեսել ենք, և դա երբեք չի օգտագործվել ընդդեմ ՀՀ շահերի։

«Մի կարևոր հանգամանք էլ կա․ վերջիվերջո կարելի է չէ՞ պարզել, թե ով է 2010 թվականին բերել այդ նախաձեռնությունը և կարելի՞ է պարզել՝ ով է ԱԺ-ում եղել զեկուցողը, և հարց տալ, թե արդյոք այդ անձը շարունակում է պաշտոնավարել։ Ամենակարևորը, ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրենք այնպես, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե առաջ կբերենք նման նախաձեռություն, չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը։ Բանավոր պայմանավորվածությունների մասով՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձիք, այդ թվում «վարչապետը, անվտանգության խորհուրդը, չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։ Ինձ ասեք, թե որ օրենքում է գրված, որ բանավոր պայմանավարվածությամբ ՀՀ սահմաններից զորքը կարող է հետ գնալ։ Ուղիղ հարց տվեք, որտե՞ղ է դա գրված, եթե գրված չէ, դա առնվազն լիազորությունների չարաշահում է, եթե պետական դավաճանությունը դնենք մի կողմ»,- եզրափակեց Վարդևանյանը։

Հակադարձելով Արամ Վարդևանյանի խոսքին՝ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց պետական սահմանի հետ կապված դիտարկումները պետք չէ բերել, վտանգների մեջ դնել։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել