ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցներ. Վահրամ Դումանյան
23:49 - 17 սեպտեմբերի, 2021

ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցներ. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն «Օլիմպավանում» հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
 
ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են մարզաբազայում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, խոսել ոլորտում առկա խնդիրներից, համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններից:
 
Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Տեղում մարզիկները ցուցադրել են իրենց մարզական կարողություններն ու կատարել որոշ հնարքներ:
 
ՀԱՕԿ նախագահի գնահատմամբ՝ Օլիմպավանի մարզիկներից լավագույն ցուցանիշները գրանցում են ծանրորդները՝ ընդհուպ մինչև աշխարհի չեմպիոններ դառնալով: Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Տաշքենդում կայանալիք խաղերում հայ ծանրորդները կունենան թիմային հաղթանակ:
 
Հանդիպմանը նաև քննարկվել են ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները, սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում մարզական պատրաստվածությանն ուղղված հարցեր:
 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել «Օլիմպավան» մարզաբազայի պայմանները՝ դրանք համարելով միջազգային չափանիշներին համապատասխան:
 
«ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները, որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով առավելագույն արդյունք ցույց տանք սպորտի զարգացման բնագավառում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով համատեղ ջանքերի կարևորությունը հատկապես 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում ներկայանալու գործում:
 
Կողմերը քննարկել են նաև մարզադպրոցների քանակն ավելացնելու հեռանկարները՝ նշելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ շոշափելի արդյունք կունենան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել