Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ
13:41 - 22 սեպտեմբերի, 2021

Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ

Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավրուսային վարակի 273 նոր դեպք, մահվան՝ 20 դեպք։ Համաձայն վերջին տվյալների՝ մեր երկրում  կատարվել է 366 779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237 454, երկրորդ դեղաչափ` 129  325։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մարդկանց պատվաստվել՝ կորոնավիրուսային վարակից պաշտպանելով իրենց և հարազատներին։

Այս օրերին հանրության մոտ առաջանում են տարբեր հարցեր․

  • ինչո՞ւ պատվաստվել, երբ պատվաստվելուց  հետո ևս կարելի է վարակվել կորոնավիրուսով, 
  • ինչպե՞ս կարող է պատվաստումն օգնել շրջապատի մարդկանց, երբ պատվաստվելուց հետո ևս հնարավոր է տարածել վարակը, 
  • որքա՞ն ժամանակ է պատվաստանյութը պաշտպանում վարակվելուց, 
  • «Դելտա» շտամի առկայության պայմաններում որքանո՞վ է արդյունավետ պատվաստվելը։

Այս և այլ հարցերի պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպես է վիրուսը թափանցում մարդու օրգանիզմ, վարակում այն, բազմանում, հետո տարածվում՝ փոխանցելով վարակն այլ մարդկանց, և ինչպես են պատվաստանյութերն ազդում վիրուսի վրա։

 

Վիրուսի ներթափանցումն օրգանիզմ

Մեր վերին շնչառական ուղիներում (քթի խոռոչ, ըմպան, կոկորդ) կան բջիջներ, որոնք պաշտպանված են լորձի շերտով։ Այս շերտը պատնեշ է ստեղծում վարակի համար։ Երբ մարդը բնական ճանապարհով վարակվում է կորոնավիրուսով (SARS-CoV-2), վիրուսը շրջանցում է պատնեշն ու վարակում բջիջները։ Բջիջները վարակելուց հետո վիրուսը բազմանում է մեր օրգանիզմում: Եթե բազմացման մակարդակը բավականաչափ բարձր է, վիրուսը կարող է դուրս գալ վարակված մարդու օրգանիզմից և այլ մարդու փոխանցվել (վարակի՝ մարդուց մարդ փոխանցում)։

Երբ վիրուսը վարակում է բջիջը, մեր օգրանիզմը տալիս է, այսպես կոչված, իմունային պատասխան՝ արտադրելով հակավիրուսային հատուկ սպիտակուցներ (հակամարմիններ)։

Երբ սա բավարար չի լինում, օրգանիզմը փորձում է հասկանալ, թե ինչ վիրուս է ներթափանցել բջիջ՝ հենց այդ վիրուսին հատուկ հակամարմիններ ստեղծելու համար, որոնք ավելի արդյունավետ ազդեցություն կունենան վիրուսի վրա։

Վիրուսի մասին հիշողությունը պահպանվում է մեր օգրանիզմում։ Ահա թե ինչու են ասում, որ արդեն մեր անգամ վարակված մարդու օգրանիզմում որոշ ժամանակ պահպանվում են հակամարմիններ, որոնք հետագայում օգնում են վիրուսի դեմ պայքարելուն։

 

Ի՞նչ են անում պատվաստանյութերը

Պատվաստանյութերը պարունակում են վիրուսի (COVID-19-ի դեպքում՝ SARS-CoV-2 վիրուսի) թուլացած կամ ոչ ակտիվ հատվածներ։ Երբ պատվաստանյութը հայտնվում է մեր օրգանիզմում, օրգանիզմը մտածում է, որ վիրուս է ներթափանցել, և սկսում է հատուկ այդ վիրուսի դեմ հակամարմիններ ստեղծել։

Ամբողջ հարցն այն է, թե ստեղծված հակամարմիններն ինչպես կպայքարեն վիրուսի դեմ, երբ մենք կրկին բնական ճանապարհով վարակվենք։ Իսկ վիրուսի դեմ պայքարել կարելի է մի քանի եղանակով․

  • սկզբնական փուլում ճնշել վիրուսը և չթողնել, որ բջիջները վարակվեն,
  • արգելել վիրուսին օրգանիզմում բազմանալ՝ խանգարելով վիրուսի տարածումը,
  • ճնշել վիրուսը՝ թուլացնելով հիվանդության ծանր ընթացքը և ապահովելով հիվանդության՝ առանց ախտանշանների (ասիմպտոմ) ընթացք։

Արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակի պատվաստանյութերը, որոնք արժանացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավանությանը, անցել են որակի, ապահովության և արդյունավետության կլինիկական փորձարկումներ։ Հավանության արժանացած պատվաստանյութերը պետք է ունենան 50 և ավելի տոկոս արդյունավետություն։ 

Կլինիկական փորձարկումների ժամանակ պատվաստանյութերի արդյունավետությունը որոշվում է հետևյալ կերպ․ մարդկանց մեկ կամ մի քանի խմբի տրվում է պատվաստանյութ, մեկ այլ խմբի էլ տրվում է պլացեբո (նյութ, որը դեղի կամ պատվաստանյութի է նման, բայց իրականում որևէ ազդեցություն չունի): Եթե կորոնավիրուսային վարակի դեմ որևէ պատվաստանյութ ունի, օրինակ, 80% արդյունավետություն, նշանակում է՝ կլինիկական փորձարկման շրջանում պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ կորոնավիրուսային  հիվանդություն առաջանալու ռիսկը 80%-ով պակաս է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք պլացեբո են ստացել։ Պետք է հիշել, որ 80% արդյունավետությունը չի նշանակում, որ պատվաստվածների 20%-ի մոտ անպայման զարգանալու է կորոնավիրուսային հիվանդություն։

Այժմ տեսնենք, թե ըստ ԱՀԿ-ի տվյալների՝  պատվաստանյութերից յուրաքանչյուրը որքան արդյունավետություն ունի․

  • «Պֆայզեր» («BioNTech»)- երկու դեղաչափ ստանալուց 7 օր հետո ունի 95% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի 16 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։ Իսրայելում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ այս պատվաստանյութն ունի 94% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ COVID-19-ի, 87%` ընդդեմ հոսպիտալացման, 92%` ընդդեմ հիվանդության ծանր ընթացքի։
  • «Սինոֆարմ»- երկու դեղաչափ ստանալուց 14 (կամ ավելի) օր հետո վարակվելու դեպքում ունի 79% արդյունավետություն՝ սիմպտոմատիկ վարակի և հոսպիտալացման դեմ։
  • «ԿորոնաՎակ» («Սինովակ» ընկերություն)- Բրազիլիայում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ երկու դեղաչափ ստանալուց 14 օր հետո ունի 51% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի, 100% արդյունավետություն՝ ընդդեմ ծանր COVID-19-ի և հոսպիտալացման։ Ինդոնեզիայում փորձարկումները ցույց են տվել 65․3% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի, իսկ Թուրքիայում անցկացված փորձարկումների համաձայն՝ պատվաստանյութն ընդդեմ սիմպտոմատիկ վարակի ունեցել է 83․5% արդյունավետություն։ 
  • «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ- մեկ դեղաչափը  66.9% արդյունավետություն ունի սիմպտոմատիկ վարակի դեմ, ծանր հիվանդության դեմ 14 օր հետո ունի 76.7% արդյունավետություն, 28 օր հետո՝ 85.4%։ Հոսպիտալացման դեմ արդյունավետությունը 14 օր հետո 93․1% է, 28 օր հետո՝ 100%:
  • «Աստրա-Զենեկա»- ունի 72% արդյունավետություն՝ ընդդեմ սիմտոմատիկ վարակի։ Ըստ վերջին հաշվարկների՝ առաջին դեղաչափից հետո «Դելտա» շտամի դեպքում հոսպիտալացման դեմ արդյունավետությունը  71% է, երկրորդ դեղաչափից հետո՝  92%։ «Ալֆա» շտամի դեպքում մեկ դեղաչափից հետո հոսպիտալացման դեմ արդյունավետությունը 76% է, երկու դեղաչափից հետո՝ 86%։
  • «Մոդերնա»- ունի 94.1% արդյունավետություն։

ԱՀԿ-ն դեռևս չի հաստատել «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը։ «Սպուտնիկ-Վին» հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը։ Ըստ «Սպուտնիկ-Վի»-ի պաշտոնական կայքի՝ պատվաստանյութը ծանր դեպքերի դեմ ունի 100% արդյունավետություն, հոսպիտալացման դեմ՝ 94․4%, «Դելտա» շտամի դեմ՝ 83․1%։

Բացի ԱՀԿ-ում կամ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների կայքերում առկա տվյալներից՝ կան նաև պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ գիտական հետազոտություններ։

Իսրայելցի գիտնականներն, օրինակ, «The Lancet» գրախոսվող ամսագրում այս տարվա մայիսին հրապարակված հոդվածում նշում են, որ «Պֆայզերի» երկրորդ չափաբաժինը ստանալուց 7 (կամ ավելի) օր անց պատվաստանյութի ազդեցությունը վարակի դեմ 95․3% է, ասիմպտոմատիկ վարակի դեմ՝  91․5%, սիմպտոմատիկ վարակի դեմ՝ 97%, հոսպիտալացման դեմ՝ 97․2%, ծանր կամ կրիտիկական հոսպիտալացման դեմ` 97․5%`, մահվան դեմ` 96․7%։ Հետազոտության մեջ ներառվել են 16 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող իսրայելցիների տվյալներ։

Ռուսական Գամայելայի անվան ինստիտուտը հայտնել է, որ «Սպուտնիկ-Վի»-ն ունի 97% արդյունավետություն։ Մեծ Բրիտանիայի կառավարության ենթակայությամբ գործող «Անգլիայի հանրային առողջություն» («Public Health England») կառույցի տվյալներով՝ «Պֆայզերը» և «Աստրա-Զենեկան» հիվանդության սիմպտոմատիկ ընթացքը կանխելու հարցում 85-90% արդյունավետություն ունեն։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ «Մոդերնան» հոսպիտալացան դեմ ունի 93% արդյունավետություն, «Պֆայզերը»՝ 88%, «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը՝ 71%: Կենտրոնը համեմատական ուսումնասիրությունն իրականացրել է՝ վերցնելով ԱՄՆ-ի բնակիչների տվյալները (պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների կարող եք ծանոթանալ այստեղ

 

Այլ հետազոտություններ

Թեև պատվաստանյութերի բազմաթիվ փորձարկումներ ցույց են տվել, որ դրանք զգալիորեն կանխում են սիմպտոմատիկ COVID-19-ը (ավելի պարզ ասած՝ մարդիկ վարակվում են, սակայն հիվանդությունն ընթանում է առանց հազի, ջերմության և այլ ախտանշանների), քիչ են ուսումնասիրություններն այն մասին, թե արդյոք պատվաստանյութերն ունա՞կ են կանխելու վարակի՝ մարդուց մարդ տարածումը։

Տեսականորեն պատվասատնյութերը մի քանի եղանակներով կարող են ազդել վարակի տարածման վրա․

  • տարածման աստիճանը նվազեցնել՝ ախտանշանների (հազ, փռշտոց և այլն) արտահայտվածությունը թուլացնելու հաշվին, քանի որ վարակը տարածվում է նաև հազալու կամ փռշտալու միջոցով,
  • օրգանիզմում առաջացնել իմունային պատասխաններ (դրդել օրգանիզմին ստեղծել հակամարմիններ)՝ նվազեցնելով վարակված օրգանիզմից դուրս եկած վիրուսի վարակելիության աստիճանը։

Վարակի տարածելիության վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցությունների մասին հետազոտությունները քիչ են, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ պատվաստանյութերը սկսել են լայնորեն օգտագործվել միայն վերջերս։

Իսրայելցի գիտնականներն, օրինակ, երկու հետազոտություն են արել՝ հասկանալու համար, թե որքանով են պատվաստանյութերն ազդում վարակի տարածման վրա։

Խմբերից մեկն ուսումնասիրել է 2020-ի դեկտեմբերից մինչև 2021-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում Իսրայելի բժշկական կենտրոններից մեկում բուժաշխատողների և նրանց ընտանիքների անդամների վարակման դեպքերը և հաշվարկել, թե ինքնամեկուսացումն ու «BioNTech» ընկերության պատվաստանյութը («Պֆայզեր») ինչպես են ազդել վարակի՝ տնային պայմաններում փոխանցելիության վրա։ Ուսումնասիրվել է 210 ընտանիք։ 

Հետազոտության հեղինակները եկել են եզրահանգման, որ ընտանիքներում պավաստումը նվազեցնում է ինչպես վարակման ռիսկը, այնպես էլ վարակվելու դեպքում փոխանցման հավանականությունը։ Երբ կոնտակտները պատվաստված չեն եղել, ինքնամեկուսացումը ևս զգալիրոեն նվազեցրել է փոխանցման ռիսկը։ 

Իսրայելցի գիտնականների մեկ այլ խումբ վերցրել է իսրայելական հիվանդանոցներից մեկի տվյալները՝ 2020-ի հունիսի 15-ից մինչև 2021-ի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների և նրանց ընտանիքների անդամների վարակման դեպքերի մասին։ Բուժաշխատողները կրկին պատվաստված են եղել «Պֆայզերով»։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «Պֆայզերով» պատաստումն ուսումնասիրված ընտանիքներում կրճատել է և՛ վարակի մակարդակը (վարակվելու հավանականությունը), և՛ փոխանցման հավանականությունը։

Այստեղ կարևոր է նշել, որ այս երկու հետազոտություններն էլ դեռևս գրախոսություն չեն անցել։ Ցանկացած գիտական հոդված նախ անցնում է գրախոսություն, ավելի պարզ ասած՝ ոլորտի այլ գիտնականներ կարդում են հոդվածը, կարծիք հայտնում դրա մասին, ուղարկում հեղինակներին, որոնք անհրաժեշտության դեպքում շտկումներ են անում, սխալները (եթե կան) վերացնում, ինչից հետո հոդվածը հրապարակվում է գիտական գրախոսվող ամսագրում։ 

Վերը նշված հոդվածների դեռ նախնական տարբերակներն են հրապարակված, ուստի պետք է սպասել դրանց գրախոսված տարբերակների հրապարակմանը՝ ավելի հստակ պատկեր ունենալու համար։

Բացի այդ՝ երկրորդ հետազոտության հեղինակները նշել են, որ մեկ այլ հետազոտության համար «Պֆայզերից» դրամաշորհ են ստացել։ Դրամաշնորհն, իհարկե, ինչպես նշում են հեղինակները, կապ չունի հետազոտության հետ, որտեղ ուսումնասիրվել է, թե որքանով է «Պֆայզերն» ազդում վարակի տարածելիության վրա։

«Անգլիայի հանրային առողջություն» կառույցը ևս հետազոտութուն է իրականացրել Մեծ Բրիտանիայի 24 000 ընտանիքներում (57 000 մարդ)։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր «Պֆայզեր» կամ «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի առաջին դեղաչափը ստանալուց երեք շաբաթ անց վարակվել են կորոնավիրուսով, 38-49%-ով նվազել է ընտանիքի անդամներին վարակը փոխանցելու հավանականությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ պարզ չէ, թե որքանով են պատվաստանյութերը կանխում վարակն այլոց փոխանցելը, այդ պատճառով էլ անգամ պատվաստվելուց հետո պետք է պահել հակահամաճարակային կանոնները։ 

«Դեռ հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե որքանով են պատվաստանյութերն արդյունավետ ոչ միայն հիվանդությունից պաշտպանելու, այլև վարակումը և փոխանցումը կանխելու հարցում»,- նշված է ԱՀԿ-ի կայքում։

 

Պատվաստանյութերի պաշտպանության տևողությունը և «Դելտա» շտամի առկայությունը

Կան նաև հետազոտություններ այն մասին, թե որքան ժամանակ են պատվաստանյութերը պաշտպանում մարդկանց։

«Nature» գիտական ամսագրում այս տարվա հունիսին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել էր, թե որքան ժամանակ են ի-ՌՆԹ պատվաստանյութերի առաջացրած հակամարմինները մնում օրգանիզմում։ 

Նախ հասկանանք, թե ինչով են տարբերվում ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ) պատվաստանյութերը ավանդական պատվաստանյութերից։ COVID-19 հիվանդություն առաջացնող վիրուսի մակերեսին գոյություն ունի հատուկ սպիտակուց։ Եթե ավանդական պատվաստանյութերը սովորաբար պարունակում են վիրուսի վնասված կամ ոչ ակտիվ հատված, որը մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան, ապա ի-ՌՆԹ պատվաստանյութերը մեր բջիջներին «սովորեցնում են» արտադրել վիրուսի մակերեսին եղող սպիտակուցի անվնաս հատված։ Մեր օրգանիզմը հասկանում է, որ այդ սպիտակուցն օտար է, և սկսում է հակամարմիններ արտադրել դրանից պաշտպանվելու համար։ Ի-ՌՆԹ պատվաստանյութեր են «Պֆայզերը» և «Մոդերնան»։

«Nature»-ում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ ըստ իրենց հետազոտության արդյունքների՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի հետևանքով առաջացած հակամարմինների տեսակներից մեկը պահպանվում է առնվազն 12 շաբաթ։

«Nature» ամսագրում հրապարակված հոդվածներից մեկում էլ նշվում է, որ COVID-19-ի դեմ իմունիտետ ունեցող մարդիկ կկորցնեն իրենց պաշտպանական հակամարմինների մոտ կեսը ամեն 108 օրը մեկ։ Արդյունքում, պատվաստանյութերը, որոնք ունեն, օրինակ, 90% արդյունավետություն, 6 կամ 7 ամիս հետո կունենան 70% արդյունավետություն։

«Science» ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակները պարզել են, որ «Մոդերնայի» երկրորդ դեղաչափը ստանալուց վեց ամիս հետո բոլոր շտամերի դեմ չեզոքացնող հակամարմիններն օրգանիզմում պահպանվել են։ Միայն  «Բետա» շտամի դեմ հակամարմիններն են 6 ամիսների ընթացքում զգալիորեն նվազել։

Մեկ այլ անհանգստացնող փաստ է «Դելտա» շտամի առկայությունը։ Վերը նշված հետազոտությունները, որտեղ խոսվում է վարակի տարածելիության վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցության մասին, կատարվել են մինչև «Դելտա» շտամի տարածումը։

Այս շտամի վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցության մասին քիչ բան է հայտնի։ ԱՀԿ-ն նշում է․ «Տարբեր երկրներում, որտեղ դոմինանտ է «Դելտա» շտամը, հետազոտությունները ցույց են տալիս՝ ավելի քիչ է հավանականությունը, որ պատվաստված մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում»։

Այս օրերին խոսակցություններ կան այն մասին, որ կարող է օգտակար լինել պատվաստանյութերի երրորդ, խթանիչ դեղաչափը (booster): Իսրայելցի գիտնականներն, օրինակ, հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները ցույց են տալիս՝ տարեց իսրայելցիների մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի երրորդ դեղաչափը, ավելի քիչ է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդանալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ստացել են երկու դեղաչափ։

«The lancet» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակների մեջ կան ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության, ինչպես նաև ԱՀԿ-ի մասնագետներ, նշվում է՝ եթե պատվաստանյութերը հասցվեն նրանց, ովքեր դեռ չեն ստացել ոչ մի դեղաչափ, ավելի շատ կյանքեր կփրկվեն։ Ըստ հետազոտության հեղինակների՝ անգամ եթե խթանիչ դեղաչափերը  կարող են օգուտներ ունենալ, ավելի օգտակար է պատվաստանյութեր հասցնել չպատվաստված մարդկանց, և խթանիչ դեղաչափերի լայնամասշտաբ օգտագործման անհրաժեշտություն այս պահին չկա։

Ամփոփելով պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ եղած տվյալները՝ կարող ենք նշել․

  • օգտագործման թույլտվություն ստացած բոլոր պատվաստանյութերը այս կամ այն չափով կանխում են հիվանդության ծանր ընթացքը, հոսպիտալացումը, մահը, ինչպես նաև հիվանդության սիմպտոմատիկ ընթացքը,
  • «Դելտա» շտամի դեպքում պատվաստանյութերի ազդեցությունը կարող է նվազել, այս շտամով վարակվելու դեպքում պատվաստված լինելը կօգնի խուսափել հոսպիտալացումից և մահից,
  • կան հետազոտություններ, համաձայն որոնց՝ պատվաստանյութերը ազդում են ընատնիքի ներսում վարակի տարածման վրա, սակայն պետք է սպասել, մինչև այդ հետազոտությունները գրախոսություն կանցնեն,
  • պատվաստանյութերի ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել, սակայն համաձայն որոշ հետաոտությունների՝ առնազն 6 ամիս մեր օրգանիզմում պահպանվում են պատվաստումից առաջացած հակամարմինները,
  • պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է երրորդ դեղաչափով պատվաստվել, սակայն ԱՀԿ-ն գտնում է, որ պատվաստանյութերը նախ պետք է հասցնել նրանց, ովքեր դեռ առաջին դեղաչափն էլ չեն ստացել։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Nature»-ից

Աղբյուրներ

"Prevention of host-to-host transmission by SARS-CoV-2 vaccines", The Lancet, 14.09.2021,

Impact of BNT162b2 vaccination and isolation on SARSCoV-2 transmission in Israeli households: an observational study, 16․07․2021,

Vaccination with BNT162b2 reduces transmission of SARS-CoV-2 to household contacts in Israel, 16․07․2021,

One dose of COVID-19 vaccine can cut household transmission by up to half, Public Health England, 28․04․2021,

"COVID vaccine immunity is waning — how much does that matter?",nature.com, 17.09.2021,

"COVID-vaccine booster shot shows promise in Israeli study", nature.com, 16.09.2021,

"Considerations in boosting COVID-19 vaccine immune responses", The Lancet, 13.09.2021,

"Impact and effectiveness of mRNA BNT162b2 vaccine against SARS-CoV-2 infections and COVID-19 cases, hospitalisations, and deaths following a nationwide vaccination campaign in Israel: an observational study using national surveillance data", The Lancet, 05.05.2021,

"Six months of COVID vaccines: what 1.7 billion doses have taught scientists", nature.com, 04.06.2021,

"Comparative Effectiveness of Moderna, Pfizer-BioNTech, and Janssen (Johnson & Johnson) Vaccines in Preventing COVID-19 Hospitalizations Among Adults Without Immunocompromising Conditions — United States, March–August 2021", Centers for Disease Control and Prevention, 17.09.2021,

"SARS-CoV-2 mRNA vaccines induce persistent human germinal centre responses", Nature, 28.06.2021,

"Durability of mRNA-1273 vaccine–induced antibodies against SARS-CoV-2 variants", Science, 17․09․2021, 

Աննա Սահակյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել