Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|
14:31 - 20 սեպտեմբերի, 2021

Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավ - Կովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, նման ներկայացվածությունը խոսում է երկու երկրների ռազմավարական շահերի մասին: Չի կարելի նվազեցնել անհատ ձեռնարկատերերի փոքր և միջին բիզնեսի դերը` նրանց ներդրումը շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ դա այն ուղղությունն է, որն արժանի է շատ լուրջ ուշադրության: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական համագործակցությունը ոչ թե պարզապես լրացնում է, այլ հիմք է ստեղծում մեր հարաբերությունների, մեր ռազմավարական դաշնակցության համար»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը հիշեցրեց, թե որ ոլորտներում են երկու երկրները հաջող զարգացման հնարավորություններ ստեղծել: 

«Դա էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտն է: Կարևոր է՝ կանգ չառնել ձեռք բերածի վրա և արդեն իսկ առկա համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ, ինչպես նաև՝ ընդլայնել այդ համագործակցությունը նոր հեռանկարային ուղղություններով: Ստեղծարար, նորարական մոտեցում են պահանջում կյանքը, զարգացման տրամաբանությունը և միջազգային ու տարածաշրջանային գործընթացները»,- ընդգծեց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանի կարծիքով` միայն դա կապահովի երկու երկրների մրցունակությունը, թույլ կտա պահպանել և ամրապնդել Հայաստանում ռուսական բիզնեսի դիրքերը,ինչպես նաև՝ Ռուսաստանում հայկական բիզնեսի դիրքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել