Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը
09:22 - 21 սեպտեմբերի, 2021

Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշում է Անկախության տոնը․ լրացավ անկախության հռչակման 30-ամյակը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ Հայաստանի ԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, իսկ Հայաստանի ԳԽ-ի՝ անկախության մասին որոշումը ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։ 

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Որպես պետական դրոշ ընտրվեց Առաջին հանրապետության եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։

Հռչակագրում նշվում էր, որ ՀՀ-ն պետք է ունենա իր դրամական համակարգը։ Փաստաթղթով հայերենը դարձավ պետական լեզու։ Հանրապետության ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։

Նույն թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։

Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչեց դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված անկախության 30-րդ տարելիցին։ 

Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել