ՇՄ նախագիծ է ներկայացրել,  որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել
17:39 - 23 սեպտեմբերի, 2021

ՇՄ նախագիծ է ներկայացրել, որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով քաղաքացիները պարտավորվում են քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող հողերում յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել։ 

Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ e-draft կայքում։

Նախարարությունն առաջարկում է փոփոխել ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը։ Փոփոխությամբ սահմանվում է, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), կարգելվի ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝ սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի), հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու, ծառապատում իրականացնելու։

Համայնքի ղեկավարի թույլտվությունը չի պահանջվում վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու դեպքում և օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու։

Նախագծում նշված է, որ սահմանված ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։ Եթե սեփականատերը հատված ծառերի փոխարեն ծառապատում չի իրականացնում, ապա Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը պարտավոր է գումար մուտքագրել տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու նպատակով։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նախարարությունը հայտնում է, որ  ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել