ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին
12:54 - 24 սեպտեմբերի, 2021

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և նաև կայունություն ապահելու մասին, և այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորնեք նաև հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով և քաղաքական տարբեր մակարդակներում հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Վերջինս շեշտեց, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորում է Թուրքիայի հետ, և պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բոլոր համանախագահների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է մի կարևոր հարց քննարկել․ դա կարգավիճակի հարցն է։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը կա՛մ պետք է տարածքային պահանջներ ներկայացնի, կա՛մ լավ հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ, Գրիգորյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել է ինքնորոշման հարց։

«Սրա մասին երևի 30 տարուց ավել խոսել ենք։ Եվ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հայտնի սկզբունքներից մեկը հենց հանդիսանում է ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է նախապայմաններին, գիտեք, որ նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում դժվար է լինում որևէ հարցով առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ավելացրեց Գրիգորյանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ բնականաբար անդրադարձ եղել է․ «Քննարկվել է իրավիճակը, և՛ հայկական, և՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկվում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»։

Այն հարցին, թե արդյո՞ք Գորիս-Կապան ավտոճանապարհը երթևեկության համար անվտանգ է, Գրիգորյանը պատասխանեց․ «Ըստ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։ Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք օգտագործել։ Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը անընդհատ պրովոկացիաներ է կատարում, Հայաստանի կողմից դատապարտող և այլ տեսակի հայտարարություններ եղել են, այդ խնդիրը քննարկվել է նաև ՌԴ մեր գործընկերների և ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել