Լուսանկարը՝ ՀԿԿ ֆեյսբուքյան էջից
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։
Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։
Գորիս խոշորացված համայնքում կա 13 բնակավայր, իսկ Կոմունիստական կուսակցության ցուցակում համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ չեն եղել։
Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակի թեկնածուները եղել են միայն Գորիս քաղաքից, այդ պատճառով էլ, ինչպես նախատեսված է օրենքով, ընտրական ցուցակը չի գրանցվել։
Կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ, «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Համբարձումյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իրենք վարչական մարմնի կայացրած այս որոշումը բողոքարկել են Վարչական դատարանում։ Նա նշեց, որ Կապանում փաստաթղթերը դատարան ներկայացնելիս որոշակի խոչընդոտների են բախվել․ Համբարձումյանի խոսքով՝ դատարանում ընդամենը մի կարգադրիչ է եղել։
Համբարձումյանը եւս մեր զրույցում հաստատեց, որ Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվել է օրենքի հիշյալ պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ Կոմունիստական կուսակցությունն իրազեկված չի եղել այդ դրույթի մասին, իսկ պետական մարմինը կուսակցությանը չի տեղեկացրել, որ ներկայացված ցուցակը թերի է, եւ ժամանակ չի տրամադրել փաստաթղթերի համալրման համար․
«Պետական մարմինը պետք է տեղեկացներ եւ ժամանակ տրամադրեր ցուցակը լրացնելու համար, առավել եւս, որ մինչեւ հոկտեմբերի 17-ը (ընտրության օրը,-հեղ․) բավական ժամանակ կա։ Հասկանալի է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, բայց թե կոնկրետ թիվ 34 ընտրատարածքում (Գորիսի տեղական ընտրական հանձնաժողովը,- հեղ․) որ գյուղերն են խոշորացման արդյունքում դարձել Գորիս համայնք, ոչ մեկը պարտավոր չէր իմանալ։ Կարող էին նշել, որ ցուցակում այս, այս, այս համայնքներց ներկայացուցիչներ չկան, եւ երկու-երեք օր ժամանակ տային՝ այդ բնակավայրերի ներկայացուցիչներին ցուցակում ընդգրկելու համար»,- մեր զրույցում ասաց Աշոտ Համբարձումյանը։ Իսկ թե ինչու են ցուցակը ներկայացրել գրանցման վերջին օրը, մեր զրուցակիցն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են եղել էլեկտրոնային ձեւաթուղթը լրացնելու հարցում, հետո ավագանու թեկնածուների ցուցակը ներկայացրել են տպագիր։
Իսկ դատարանում հայցը ներկայացրել են այն պատճառաբանությամբ, որ տեղեկացված չեն եղել պահանջի մասին, եւ, որ վարչական մարմինը պարտավոր էր թերությունները վերացնելու ժամկետ տրամադրել, ոչ թե միանշանակ մերժեր գրանցումը․ «Մենք հայցը ներկայացրել ենք պահանջով, որ ՏԸՀ որոշումն անվավեր ճանաչվի, հանձնաժողովը պարտավորեցվի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ընտրական ցուցակը համալրելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կուսակցությունը միայն այս առումով չէ, որ իրավական խնդիրներ ունի․ դատական գործընթացներ կան, որտեղ Համբարձումյանը միտում է տեսնում՝ կուսակցության բանականոն գործունեությանը խոչընդոտելու եւ այն անհնարին դարձնելու համար։
Իսկ ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը մեր զրույցում նկատեց՝ կուսակցությունը ցուցակը ներկայացրել է վերջին օրը՝ երեկոյան․ «Ես ինչպե՞ս իմանայի՝ իրենք թեկնածություն են դնելու, որ տեղեկացնեի՝ ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Գոնե մի անգամ մտնեին մեզ մոտ, հարցնեին՝ ինչ ընթացակարգ է գործում։ Իսկ հավելյալ ժամանակ չէինք կարող տալ, որովհետեւ ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն էր։ Դրանից հետո հնարավոր չէր»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենք տեղյակ չէին, որ կուսակցությունն այս հարցով դիմել է դատարան։
Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)