Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան
18:16 - 30 սեպտեմբերի, 2021

Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։

Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը, թեեւ մասնակցում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դեռ չի սկսել ակտիվ քարոզարշավը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մեղրիում կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ քարոզչական բուն աշխատանքները կսկսեն հոկտեմբերի 7-ից կամ 8-ից։ Իսկ այս ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն իրենց շտաբներում հանդիպում են բնակիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ։

Անդրեասյանի դիտարկմամբ՝ համայնքում հիմնական խնդիրը ոռոգման ջրի հարցն է․ «Չունենք պոմպակայան, պոմպեր, որ ջրամատակարարումը լիարժեք կատարվի։ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, Ագարակում ջրմատակարարումը շատ վատ է եղել, բնակիչների բողոքն առաջանահերթ այդ հարցում է, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներով ծառ են տնկել, աճեցրել, այսօր վտանգի առաջ են կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այս տարվա պես ծանր վիճակ չի եղել․ «Բոլոր կայաններն աշխատում են շատ վատ, տիրություն անող չկա։ Ոչ մեկը չի գալիս լիարժեք աշխատանք տանի, որ պոմպերն անխափան աշխատեն։ Այդ հարցը պետք է առաջ քաշվի»,- ասաց Անդրեասյանը։ Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ, որը խոստացել է մինչեւ գարուն զբաղվել խնդրով, թե ինչպես, մեր զրուցակիցը չմանրամասնեց։ 

Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։

Մեր հարցին, թե համայնքային զարգացման ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են իրագործել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ցանկություն ունեն տուրիզմը զարգացնել։ Այս տարի էլ, Անդրեասյանի խոսքով, զբոսաշրջիկներ այցելել են համայնք, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ այլ համայնքներից, այլ նաեւ Ռուսաստանից, անգամ Ֆրանսիայից։

«Կան նախագծեր, որ ուզում ենք զարգացնել։ Մենք ունենք Լիճք, Տաշտուն գյուղերը, որտեղ տուրիզմի համար լավ պայմաններ կան, պետք է փոքրիկ հյուրանոցներ կառուցել, որովհետեւ այսօր մնալու տեղ գրեթե չկա։ Բայց զբոսաշրջությունը միայն տեղական բյուջեով զարգացնել չի ստացվի․ ներդրումներ են պետք»,- մտահոգություն հայտնեց «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համայնքի զարգացման համար հնարավոր ձեւերով միջոցներ հայթայթել․ «Ջանք չենք խնայելու Մեղրին զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել