Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան
13:14 - 04 հոկտեմբերի, 2021

Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ հասկանում, թե մեկ տարի անց մենք ինչու ունենք ռազմագերիներ, եւ ավելին՝ չգիտենք՝ թե քանի ռազմագերի ունենք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մեր գերիների վերադարձի դիմաց Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի քարտեզներն այն պարագայում, երբ գերիների վերադարձի մասին դրույթ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Պատերազմից մեկ տարի անց, չիմանալով զոհվածների հստակ թիվը, անհետ կորածների, գերիների թիվը, մենք հանդուրժում ենք այս իշխանությանը․ ուղղակի աբսուրդ է։ Ես չեմ հավատում, որ աշխարհում որեւէ այլ օրինակ կա․․․ Գոնե  զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել, մարդկանց անուն-ազգանուն-հայրանունը, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել, գոնե մի գիրք պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, արդեն մեկ տարի անց հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, նրա համոզմամբ՝ սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակները, սակայն, Քոչարյանի համար հասկանալի չեն։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Քոչարյանն ու իր թիմը ինչ տեղեկություններ ունեն այն մասին, թե, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, Քոչարյանը պատասխանեց, որ փաստեր գիտի, ըստ որոնց՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի (Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, մինչեւ Քարին Տակ,- թվարկեց Քոչարյանը) ողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել․ «Որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել, ես բացատրություն չունեմ՝ ինչու, հարցրել եմ տարբեր զինվորականների։ Այդ ժամանակ էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու․ չնշանակեցին։ Այս բոլորը, երբ համադրում ես, տեսնում ես, որ կամ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կամ եղել է դավաճանություն։ Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել․ այս պարագայում եղել է մի թեզ, որ Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու։ Այդ խոսակցություններն այդ ժամանակ եղել են, եւ տպավորություն էր, որ Շուշին վերցնելու մարշրուտը կամ բացում էին, եւ եթե չէին բացում, չէին էլ փակում։ Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորվածություն»,- ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ մի փաստ է բարձրաձայնել, ըստ որի Ստեփանակերտում նախագահական շենքի շուրջ 300 մետր շառավղով մեկ արկ չի պայթել, այդ շենքի վրա չի եղել մեկ կոտրված ապակի, եւ դա այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր․ «Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ո՞ւմ էին խնայում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր այդ քանակի շարասյուներն օդից ոչնչացվում էին՝ դեռ դիրքեր չհասած։ Այսպիսի գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում։ Ի դեպ, ես չեմ կարծում, թե իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին։ Հարությունյանը հայտարարել էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել, բայց ես կարծում եմ, որ այդ շենքում ամբողջ պատերազմի ընթացքում եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը։ Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100կմ հեռավորության վրա Լաչինում կամուրջ ոչնչացնել, եւ այդ շենքը չեն կարողացել ոչնչացնե՞լ։ Ծիծաղելի է, այդպես չի լինում, ուղղակի չի լինում։ Կան լուրջ կասկածներ, որոնք եթե չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել