Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան
17:28 - 04 հոկտեմբերի, 2021

Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։

«Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ քարոզարշավն ընթանում է հանդարտ, բնականոն հունով, սակայն բնակիչների հետ իր հանդիպումներից նկատել է, որ վերջիններս կարծես մի փոքր լարված են, իր խոսքով՝ նույնիսկ վախվորած են գալիս հանդիպումներին․ սա, մեր զրուցակցի դիտարկմամբ, այն հանգամանքի բերումով, որ ընտրություններին առաջադրվել է նաեւ գործող համայնքապետի թեկնածությունը, որը ՔՊ ներկայացուցիչն է։

Ինչ վերաբերում է համայնքային խնդիրներին՝ Լալայանը մեր զրույցում նշեց, որ Տաթեւում լուծում պահանջող առաջնահերթ հարցը վերաբերում է անվտանգությանը․ «Մենք պետք է կարողանանք ժողովրդի միջից հանել վախվորածությունը, համերաշխություն մտցնենք, որպեսզի այլեւս իմ ու քո, սեւ ու սպիտակ չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց երբեմն համարում են ընդդիմադիր, բայց իրենք ընդդիմադիր չեն, եւ պատրաստ են աջակցել կառավարության բոլոր այն որոշումներին, որոնք դրական փոփոխություն են բերելու։ 

Մասնավորեցնելով անվտանգային խնդիրների թեման՝ Լալայանը նշեց, որ Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրը, որն այժմ սահմանամերձ է, մյուս կողմից Որոտանի ափով հասնում է Շինուհայր բնակավայրի հին գյուղերի ու այգիների մոտ․ իրենք մտադիր են համագործակցել ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարության հետ, որպեսզի զինված մարդիկ լինեն այդ տարածքում՝ հակառակորդի հնարավոր սադրանքները կանխելու կամ դրանց դիմակայելու համար․ 

«Մարդիկ Խոտ գյուղից մինչեւ Որոտան այգիներ ունեն, գնում, աշխատում են, մենք պիտի այնպես անենք, որ հանգիստ լինեն, կարողանան պահել հողը, ոչ թե հուսալքվեն, թողնեն այգիները, գնան»։

Տաթեւ համայնքում կան նաեւ այլ խնդիրներ՝ ոռոգման ջրի, գազաֆիկացման, եւ այլն։ «Շանթ դաշինքի» ներկայացուցչի համոզմամբ՝ համայնքի ուժերով հնարավոր է բացել մի քանի դաշտամիջյան ճանապարհ, որոնցով ոռոգման ջրի հարցը կարող է լուծվել։ Բայց դրանից զատ՝ նաեւ առանձին ծրագրեր են մշակելու՝ խնդիրները հիմնովին լուծելու համար։ Տաթեւի Շինուհայր, Հալիձոր բնակավայրերում, ինչպես մեր զրույցում ասաց Լալայանը, կա նաեւ խմելու ջրի խնդիր, իսկ Խոտ բնակավայրում՝ չկա։ Այդ շրջանների խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծումն, ըստ մեր զրուցակցի, շատ ծախս չի պահանջում, կեսը, համենյան դեպս, համայնքային բյուջեով հնարավոր կլինի լուծել՝ գոնե այգիները մաքուր ջրով պահելու համար։

Սամվել Լալայանն առանձնացրեց նաեւ ենթակառուցվածքների խնդիրը։ Նրա խոսքով՝ Տաթեւի հատկապես Հարժիս բնակավայրի ճանապարհն է վատ վիճակում, բայց իրենց քաղաքական թիմը որոշել է՝ համայնքային ուժերով շիբինապատելու են ճանապարհը, որպեսզի այն ավելի լայն ու անցանելի դառնա․ «Բայց անպայման պետք է համագործակցենք կառավարության հետ, որ օգնեն՝ հիմնովին լուծել խնդիրները»,- հավելեց համայնքապետի թեկնածուն։

Նույն այս Հարժիսում, ինչպես նաեւ Հալիձոր բնակավայրում, խնդիր է գազաֆիկացումը․ լուծման համար, մեր զրուցակցի հաշվարկներով, մոտ 38-40 մլն դրամի ծախս է պահանջվում․ պատրաստվում են դիմել կառավարությանը, ծրագիր ներկայացնել, «ականջի հետեւ» չեն գցելու, եւ, վստահեցրեց, հետեւողական են լինելու։

Տաթեւ համայնքում, ինչպես նկատեց Սամվել Լալայանը, զարգացման հեռանկար ունի զբոսաշրջությունը։ Բայց եթե Տաթեւը կարողանում է զբոսաշրջիկներին «ինքնուրույն» գրավել, ապա մյուս բնակավայրերը դեռ գրավիչ դառնալու խնդիր ունեն։ Իսկ գրավչություն ապահովելու համար, մեր զրուցակցի խոսքով, պատրաստվում են գյուղեր տանող ճանապարհները հարդարել․ տեխնիկա ունեն մնում է՝ գործի անցնեն․ «Մեր ուժերով կարող ենք հարդարել ճանապարհները, որպեսզի զբոսաշրջիկները նաեւ գյուղեր գնան, որովհետեւ միայն Տաթեւում չէ, որ տեսարժան վայրեր կան, մյուս բնակավայրերն էլ ունեն պատմամշակութային հետաքրքիր վայրեր»,- նշեց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի կյանքի կոչել իրենց նախանշած ծրագրերը։ 

«Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն այն կարծիքին է, որ Տաթեւի բնակիչներն իրեն ու իր քաղաքական ուժին ընտրելու քիչ պատճառներ չունեն․ «Ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, քսան տարի զինվորական եմ եղել, եւ հիմա էլ վստահեցնում եմ՝ աշխատելու են արդար ու ազնիվ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Սամվել Լալայանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Al&V 08:33 04.հոկտեմբերի.2021

👍👍👍

Մեկնաբանել