Գյումրու տնակների հարցը հրատապ է․ մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ տնակներ չունենանք․ Կոնստանտին Ղավազյան
14:43 - 06 հոկտեմբերի, 2021

Գյումրու տնակների հարցը հրատապ է․ մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ տնակներ չունենանք․ Կոնստանտին Ղավազյան

Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ, այդ թվում՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։

Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը Infocom-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքի խնդիրներին, նշում է տրանսպորտային ցանցի կարգավորման անհրաժեշտությունը․ «Տրանսպորտի խնդրի լուծումն արդեն սկսվել է, նոր մեքենաներ են ստացել, մնում է՝ ավելի գրագետ ու ճիշտ ձևով կարգավորել աշխատանքը, երթուղիները ճիշտ դասավորել, այնպես անել, որ ապարատը կենտրոնացված աշխատի։ Ոչ թե առանձին ձեռներեցներ պետք է ունենան մեքենաներ ու քաղաքապետարանի հետ աշխատելով կարգավորեն այդ խնդիրը, այլ դա պիտի ամբողջապես վերաբերի քաղաքապետարանին։ Պարկը պետք է լինի քաղաքապետարանինը, և դրանով զբաղվի քաղաքապետարանը, մասնավորապես՝ տրանսպորտի բաժինը»։

Ղավազյանը կարևոր է համարում նաև քաղաքի կանաչապատումն ու փողոցների բարեկարգումը․ «Ոչ մի քաղաքի շատ կանաչապատումը չի խանգարի, ինչքան շատ կանաչապատվի, այդքան լավ։ Որոշ փողոցներ անհրաժեշտ է բարեկարգել։ Այդտեղ էլ գումարի հարց է։ Պետք է այնպես անել, որ հնարավորություն ընձեռվի և համայնքապետարանը կարողանա դա անել, այսինքն՝ ունենա ավելի շատ միջոցներ՝ այդ բոլոր փողոցները հնարավորինս շուտ բարեկարգելու համար»։

Անդրադառնալով Գյումրու տնակների խնդրին՝ Կոնստանտին Ղավազյանն ասում է՝ խնդիրը լուծելու համար գումար է անհրաժեշտ, որը պետք է տրամադրի կառավարությունը․ «Պետք է կողմնակի մարդիկ չմտնեն այդ գործընթացի մեջ, տնակների հատկացման մոնիթորինգ պետք է արվի, օթևան ունեցող և անօթևան մարդկանց բաժանարար գիծը ավելի կոնկրետ պետք է դրվի, որպեզի հասկանալի լինի՝ ով իրավունք ունի բնակարան ստանալու, ով՝ ոչ։ Իրականում կան մարդիկ, որոնք եկել են ուրիշ տեղից, ապրում են տնակում։ Դրա համար պետք է հերթականություն, հարկավոր է, որ այդ ամենը ավագանին ստուգի, մոնիթորինգ իրականացնի, և այդ հարցը օրենքների համաձայն կարգավորվի։ Մնացած հարցերը ավագանին չի կարող անել։ Ավագանին պետք է կապեր ստեղծի մեր արտերկրի բարեկամների, ազգությամբ հայերի հետ, որպեսզի ինչ-որ միջոցներ ներգրավի բնակարանաշինության մեջ, և հնարավոր լինի այդ միջոցներով տնակներից ազատվել։ Սա հրատապ է, որովհետև մեր քաղաքը հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար, և պետք է, որ մենք տնակներ չունենանք»։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Ղավազյանն ասում է, որ այն բնականոն հունով է ընթանում․ «Քարոզարշավը սովորական է անցնում, մարդկանց հետ զրուցելով, պաստառներ ցուցադրելով, երթեր կազմակերպելով։ Հեռուստատեսությամբ ռադիոյով, սպասվում են նաև բանակռիվներ՝ մեր ընդդիմադիր կուսակցությունների հետ»,- ասաց Կոնստանտին Ղավազյանը՝ անկնալիք հայտնելով, որ Գյումրու բնակչության ինչ-որ հատված կքվեարկի իրենց կուսակցության օգտին։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել