Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել
16:35 - 06 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Այսօր ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ադրբեջանական ավիաընկերությունը քաղաքացիական չվերթների համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Լուրն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում և սոցիալական հարթակներում, սակայն որոշ լրատվական կայքեր ինչպես նաև սոցիալական հարթակում որոշ անհատներ այս լուրը ներկայացրին մանիպուլյատիվ: 

Մասնավորապես Գագիկ Համբարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում «Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին (լուսանկար)» վերտառությամբ գրառում է կատարել, որում Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքների համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Այս գրառումը տարածել են mamul.am, blognews.am, antifake.am լրատվական կայքերը։ 

Բացի այս գրառումից լրատվական կայքերը գրում են, որ Հայաստանն իր օդային սահմանը բացել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքների համար։

Արագորեն տարածվող լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ֆեյսբուքյան էջի գրառումն է, որտեղ ասվում է, որ այսուհետ «Ազալ» ավիաընկերությունն Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն սկսում է իրականացնել նաև Հայաստանի օդային տարածքով, քանի որ այդպես կրճատվում է թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը։ Բացի սրանից ասվում է, որ «Ազալն» այսուհետ կօգտագործի օդային բոլոր ճանապարհները թռիչքներ իրականացնելու համար, այդ թվում Հայաստանի և Իրանի օդային սահմանները։

Սակայն Հայաստանն իր օդային տարածքն ադրբեջանական ավիաընկերությունների համար չի բացել, քանի որ այն փակ չի էլ եղել։

Այսպես, օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և խնդրել պատասխանել թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ մի քանի հարցերի։ 

Մասնավորապես հարցրել էինք, թե ադրբեջանական ավիաընկերությունը վերջին 10 տարիներին Հայաստանի օդային տարածքով Թուրքիա և Ադրբեջան թռիչքներ իրականացրել է, թե ոչ։ Քաղավիացիայից ստացած գրության համաձայն՝ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունը դեպի Թուրքիա թռիչքներ չի իրականացրել, իսկ դեպի Նախիջևան վերջին թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Մենք նաև խնդրել էինք տրամադրել թռիչքային կոդերի համարները, սակայն վաղեմության պատճառով թռիչքների կոդերն ու օրերը ներկայացնելը հնարավոր չի եղել: 

Թուրքական ավիաընկերության վերաբերյալ Քաղավիացիայի տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի օդային տարածքով Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ի՞նչ թռիչքներ են իրականացվել Հայաստանի օդային տարածքով

Դեռևս հուլիսի 30-ին անդրադարձել էինք Հայաստանի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու-Ստամբուլ երթուղով քաղաքացիական թռիչքներին և ներկայացրել վերջին մեկ տարվա տվյալներ։ Այժմ ներկայացնենք Flightradar-ում պահպանված թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների Գյանջա-Նախիջևան-Գյանջա և Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքները։

Վերջին մեկ տարվա ընթացքում TK 326 թռիչքային կոդով թուրքական ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան երթուղով թռիչքը Հայաստանի օդային տարածքով իրականացրել է 20 անգամ՝ մայիսի 15-ին, 29-ին, հունիսի 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, հուլիսի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին, օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին, սեպտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին, 25-ին և հոկտեմբերի 2-ին։ Այս ընթացքում Իրանի օդային տարածքով թռիչք իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին։

Նախիջևան-Գյանջա երթուղով թռիչքները նույնպես իրականացվել են Հայաստանի օդային տարածքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK328 թռիչքային կոդով իրականացվել է 21 անգամ՝ մայիսի 18-ին, 25-ին, հունիսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, օգոստոսի 3-ին, 10-ին, 14-ին, 24-ին, 31-ին, սեպտեմբերի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին և հոկտեմբերի 5-ին։ 

Նույն թռիչքային կոդով Հայաստանի օդային տարածքով 5 թռիչք էլ իրականացվել է Գյանջա-Ստամբուլ ուղղությամբ՝ հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 24-ին և սեպտեմբերի 14-ին։ 

Ադրբեջանական ավիաընկերությունը, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի օդային տարածքով թռիչք չի իրականացրել 2014 թվականից ի վեր։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 6-ին,  J2251 թռիչքային կոդով ադրբեջանական ավիաընկերությունն իրականացրել է Բաքու-Նախիջևան թռիչքը Հայաստանի երկնքով։ Նույն օրվա ընթացքում մեկ թռիչք էլ եղել է Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ J2252 թռիչքային կոդով։

Հետաքրքրական է J2252 թռիչքային կոդով մայիսի 16-ին իրականացված թռիչքը, որը եղել է Իրանի օդային տարածքով, սակայն, ըստ Flightradar-ի հետագծի՝ ինքնաթիռը մտել է Հայաստանի օդային տարածք։ 

Ի՞նչ է ասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան

1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մի շարք երկրներ վավերացրել են սույն կոնվենցիան, որով կարգավորվում է երկրների քաղաքացիական ավիացիաների միջև կապը, և համաձայն որի՝ գործում են համընդհանուր օրենքներ։ Սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից։

Համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերի՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից: 

Հետևաբար՝ կոնվենցիան վավերացրած պետությունները չեն կարող արգելքներ սահմանել կոնկրետ մի պետության քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ և արգելք սահմանելիս էլ պետք է այն գործի բոլոր օդանավերի նկատմամբ անկախ դրանց ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ավիաընկերությունների համար։

Թեմայի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Այսպիսով՝ այն լուրերը, թե Հայաստանը օդային տարածքը բացել է կամ «օդային միջանցք» է տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, մանիպուլյատիվ են։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել