Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան
18:56 - 07 հոկտեմբերի, 2021

Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը աննախադեպ է համարում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության ֆինանսավորման ավելացումը։ «Այս կարգի տոկոսային ավելացում անկախ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում, դա իսկապես լուրջ է, ու այս տենդենցը պետք է շարունակվի։ Միաժամանակ պետք է ամրագրենք, որ գիտության մասով իսկապես հավակնոտ հանձնառություն դեռ չկա։ Միշտ խոսվում է, որ գիտությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, նույնիսկ նախագծի ընդունման ընթացքում վարչապետը նշեց, որ երեք առաջնահերթություններից մեկը կրթությունն ու գիտությունն է։ Ճիշտ է, կրթությունը և գիտությունը մի տողի մեջ էր, թեև դրանք կապակցված, բայց միևնույնն է, առանձին երևույթներ են։ Լավ է, որ գիտությունը վերին 4 առաջնահերթությունների մեջ մտնում է, բայց կարևոր է, որ լինի կոնկրետ, ամրագրված հավակնոտ հանձնառություն»։

Նա, սակայն, նկատում է, որ գիտության բյուջեն անցած տարվա համեմատ ավելացել է ոչ թե 82, այլ 60%-ով։ «2021-ի ընթացքում բացի բյուջեով նախատեսված գումարից գիտությանը 2 միլիարդ ավել դրամ է հատկացվել․ այդ դեպքում բյուջեն ավելանում է ոչ թե 82, այլ 60%-ով, ինչը, նորից եմ ասում, աննախադեպ է»։

Տիգրան Շահվերդյանն ընդգծում է, որ «Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկել է բյուջեի առնվազն 4%-ը հատկացնել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար։  «Իմիջիայլոց, այս 4%-ի մեջ ոչ միայն մտնում է գիտության կոմիտեի բյուջեն, այլ նաև տարբեր տեսակի բարձր տեխնոլոգիական ծրագրերի, մասնավորապես՝ ռազմաարդյունաբերության։ Այսինքն՝ սա այդքան էլ անիրագործելի չէ, պարզապես պետք են հավակնոտ ծրագրեր, որոնք, իմիջիայլոց կան նախարարությունում, որոշներն էլ մենք ենք բազմիցս առաջարկել։ Պարզապես պետք է խնդիր դրվի նախարարության առջեւ, որ այդ ծրագրերը հրատապ սկսվեն իրագործվել»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է՝ շատ կարևոր է Եվրոպական միության աջակցության շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ ընդգծելով, սակայն, որ դրա իրագործման համար չկան նշված ժամկետներ։ «Ժամկետներ չկան, ինչը մեզ շատ է անհանգստացնում, բայց դարձյալ շատ կարևոր տող է։ Դա մեծ մասամբ սարքավորումների արդիականացման վրա է ծախսվելու, որը մեր ամենամեծ խնդիրներից է, և մեր կարծիքով չի կարելի թողնել անորոշ ժամկետներում հատկացվելիք գումարների վրա»։

Նա նաև նշում է, որ բյուջեում 4 նոր և կարևոր ծրագրերի համար են գումարներ հատկացվել։  «Այդ ծրագրերը  պետք է օր առաջ սկսել։ Առաջին ծրագիրը ասպիրանտների վերապատրաստման ծրագիրն է արտասահմանում․ մրցույթ են հայտարարելու այն ասպիրանտների համար, որոնք դրսում ունեն ղեկավար կամ ընդունող կողմ։ Նրանք կարող են որոշ ժամանակով գնալ, հետազոտություններ անել, դասընթացներ անցնել՝ այն նպատակով, որ հետո վերադառնան Հայաստան և իրենց փորձը այստեղ կիրառեն։ Մյուս ծրագիրը թեկնածուական աստիճան ունեցող գիտնականների համար նախատեսված վերապատրաստման ծրագիրն է։ Երրորդ ծրագրի միջոցով Սփյուռքի  կամ այլազգի գիտանականները Հայաստանում գիտական թիմեր կղեկավարեն, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը։ Երիտասարդ գիտնականները ավելի առաջադեմ գիտելիքի հետ կշփվեն, կհասկանան՝ ինչ է նշանակում համաշխարհային մրցունակ մակարդակի գիտական հետազոտություններ իրականացնել։ Չորրորդը գիտնականների հայրենադարձության կամ Հայաստանում բնակեցման ծրագիրն է։ Չգիտեմ՝ լինելու է միայն հայազգի գիտնականների համար, թե լինելու են այլազգի գիտնականներ, բայց միտքն այն է, որ գիտնականների ներհոսք լինի»։

Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքի համար, բայց դեռ շատ գործ կա անելու․ «Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները կհասկանան, որ Հայաստանը նոր և ավելի հավակնոտ մոտեցում է ցուցաբերում այս հարցում։ Իրենք կսկսեն մտածել, որ այս ամենի մեջ ներդրում կարող են ունենալ։ Մենք մեր համայնքով շատ ենք շփվում արտասահմանում ապրող գիտնականների հետ։ Այդ գիտնականների մոտ մեծ էներգիա կա։ Նրանք ուզում են իրենց փորձը կիրառել Հայաստանում, բայց տեսնում են, որ պահանջարկ չկա։ Եթե ինչ-որ լուրջ ծրագրեր իրագործելու, առաջնահերթ գիտական ուղղություններում գերազանցության կենտրոններ ստեղծելու նպատակներ լինի, մարդիկ, քննարկելուց բացի, կանցնեն գործի։ Իհարկե, ոմանք անում են գործեր, բայց դրանք լոկալ գործեր են, մասշտաբային գործի անցնելու համար մեզ պետք է այդ լուրջ ազդակը»,-նշում է նա՝ ընդգծելով ընդհանուր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գիտնականի վարկանիշի բարձրացումը հասարակությունում։ «Այսօր էլ որոշ չափով փոփոխություններ տեսնում ենք, հանրային նախաձեռնություն կա, շատ մեդիաներ լրիվ այլ վերաբերմունք են ցույց տալիս, իրենց ռեսուրսներն են ներդնում, որպեսզի հաղորդումներ անեն, որը շատ ողջունելի է։ Շատ կարևոր է նաև, որ մարդիկ, ովքեր հաճախ են երևում մեդիաներում, ավելի շատ խոսեն գիտության կարևորության մասին»։

Նա նաև կարևորում է գերազանցության կենտրոնների ստեղծումն ու զարգացումը։ «Եթե ուզում ենք, օրինակ, արհեստական բանականության ոլորտում մրցունակ լինել, պետք է ստեղծենք և զարգացնենք արհեստական բանականության գերազանցության կենտրոններ, կամ, օրինակ, ռադիոտեխնիկայի գերազանցության կենտրոններ, որոնք շատ կարևոր են նաև անվտանգության համար»։

Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլարդ դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։

Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։

Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։

«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ:

139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842.0 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136.0 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143.0 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը):

Ըստ կառավարության՝ ԵՄ աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,500.0 մլն դրամ դրամաշնորհ:

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել