Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում
18:26 - 08 հոկտեմբերի, 2021

Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում

Կարեն Ավետիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը երեկ հրապարակում է արել, որտեղ, մեջբերելով Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը, նշել է, թե քովիդով հիվանդ, ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված մարդկանց 50%-ից ավելին պատվաստված մարդիկ են։

Կարեն Ավետիսյանի խոսքով՝ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը (Þórólfur Guðnason) նման հայտարարություն արել է օգոստոսի 3-ին։

Օգտատերը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում համաճարակաբանի խոսքերը։ 

Երբ իսլանդական մամուլում փնտրում ենք օգոստոսի 3-ին գլխավոր համաճարակաբանի վերաբերյալ հրապարակումները, տեսնում ենք, որ այդ օրը նա ներկայացրել է իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին տվյալներ։

Համաճարակաբանն այդ օրը հայտարարել է, որ չնայած Իսլանդիան հասել է COVID-19-ի ամենաբարձր ալիքին, պատվաստումները, կարծես, նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումների դեպքերը։

«Հուլիսի 1-ից հետո վարակված մարդկանց 70%-ը եղել է լիովին պատվաստված, և նրանց մոտ 1%-ն է հոսպիտալացվել։ Մարդկանցից, որոնք պատվաստված չեն եղել և վարակվել են, հոսպիտալացվել է 2,4%-ը»,- նշել է նա։ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը նույն կերպ են ներկայացված մի քանի լրատվամիջոցներում (1, 2, 3, 4,

Այսպես, օգոստոսի սկզբի դրությամբ Իսլանդիայում վարակված մարդկանց 70%-ը եղել է պատվաստված, նրանց մոտ 1%-ը հոսպիտալացվել է, իսկ չպատվաստված և վարակված մարդկանցից հոսպիտալացվել է 2,4%-ը։ Այսինքն՝ անգամ եթե բացարձակ թվերով պատվաստված և հոսպիտալացված մարդիկ լինեին ընդհանուր հոսպիտալացվածների կեսը, տոկոսային հարաբերությամբ պատվաստվածների մոտ ավելի քիչ է եղել հոսպիտալացվելու հավանականությունը։ Այդ մասին իր խոսքում նշել է նաև Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը;

Առհասարակ, օգոստոսին տեղեկություններ էին տարածվում, թե Իսլանդիայում պատվաստված մարդկանց մեջ շատ են COVID-19-ով վարակվողները, ինչը փորձ էր արվում ներկայացնելու որպես պավաստանյութերի անարդյունավետության ապացույց։

«Reuters» գործակալության փաստերի ստուգման թիմն անդրադարձել էր այս լուրերին՝ նշելով, որ պատվաստվողների շրջանում վարակման հաճախակի դեպքերը չեն խոսում պատվաստման անարդյունավետության մասին։ 

«Իսլանդիայում 16 տարեկանից բարձր բնակիչների 85․3%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, 4.9%-ն էլ մասնակի է պատվաստված։ Զարմանալի չէ, որ նոր դեպքերի մեծ մասը պատվաստված մարդկանց շրջանում է։  Հուլիսի 9-ից սկսած՝ վարակի դեպքերի 77%-ը եղել է վարակված մարդկանց շրջանում»,- հայտնել էին «Reuters»-ին Իսլանդիայի առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով այդ երկրում օգոստոսի սկզբին առկա տվյալները։

«Reuters»-ի նյութում նշվում է, որ մի երկրում, որտեղ պատվաստման մակարդակը բարձր է, պատվաստված մարդկանց շրջանում վարակի հաճախակի դեպքերը սպասելի են։ 

Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են աշխատում պատվաստանյութերը։ Պատվաստանյութերի նպատակը մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ առաջացնելն է, որոնք հետագայում կպաշտպանեն վարակից։ Ավելի պարզ ասած՝ պատվաստելուց հետո դուք կարող եք վարակվել, հիվանդանալ, սակայն հիվանդության ընթացքը թեթև և առանց ախտանշանների կլինի, իսկ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում պատվաստված լինելը կփրկի հոսպիտալացումից և մահից։

Իսլանդիայի բնակիչների ընդհանուր թիվը 341 243 է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի, ընդհանուր առմամբ, 12 035 դեպք, մահացել է 33 մարդ։

Եթե նայենք մահերի վիճակագրությունը, կտեսնենք, որ Իսլանդիայում կորոնավիրուսային հիվանդության պատճառով վերջին անգամ մահ գրանցվել է օգոստոսի 30-ին։ Այդ օրը մահացել է մեկ հոգի, ինչից հետո մահվան նոր դեպքեր չեն եղել։

Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալների՝ այս պահին երկրում հոսպիտալացված է 8 հոգի, իսկ հոսպիտալացվածների ընդհանուր թիվը 462 է։

Նշենք, որ համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած վերջին տվյալների՝ երկրում 12 տարեկանից բարձր մարդկանց 88%-ը պատվաստված է։ Բացի պատվաստման բարձր մակարդակից՝ Իսլանդիայում մահերի փոքր թվի պատճառ կարող են լինել նաև ներքին սահմանափակումները (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում, բազմամարդ հավաքների սահմանափակում և այլն), որոնք օրերս երկարաձգվեցին։

Այսպիսով, Կարեն Ավետիսյան անունով օգտատերը մանիպուլյատիվ է ներկայացրել Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը․ վերջինս նշել է, որ պատվաստանյութերը նվազեցնում են ծանր հիվանդանալու դեպքերը և հոսպիտալացումների թվերը։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ grapevine.is կայքից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել