Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան
20:34 - 08 հոկտեմբերի, 2021

Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը դրական է գնահատում կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, որով գիտության ֆինանսավորումը 2022 թվականին ավելանալու է․ «Հաշվի առնելով, թե ինչպես են ընկալվում և ինչքան արդյունավետ են մեր արձագանքները, այս անգամ ճոխ եմ ուզում գնահատել։ Ուզում եմ ասել՝ շատ ապրեք, լավ եք արել, շոշափելի թիվ է։ Այդտեղ, իհարկե, թվերի հետ խաղ կա։ Իրենք անցած տարի 2 միլիարդով ավելացրին գիտության ֆինանսավորումը, ավելացումը փաստացի 60% է։ Գումարը բավարար չէ, բայց աճի տեմպը նկատելի է։ Իհարկե, ի սկզբանե մեր հաշվարկած թվերը պահպանվում են, դրանք չեն փոխվել․ նպատակը նույնն է, հասնել նրան, որ բյուջեի ծախսային մասի մոտավորապես 4%-ը լինի գիտությանը հատկացվող գումարը, կամ որ նույնն է, ՀՆԱ-ի 1%-ը։ Պետական բյուջեի այս ավելացմամբ փաստացի սստացվում է ծախսային մասի մոտավորապես 1.3-1,4%-ը, և դեռ հեռու է իր բուն նպատակից, բայց տեմպը լավն է»։

Խաչիկ Նազարյանի խոսքով՝ բյուջեով նախատեսված մի շարք միջոցառումներ արդեն նախատեսված ծրագրեր են, որոնք շարունակվելու են․ «Կառավարության կողմից հատկացված մոտավորապես 6 միլիարդը նորություն չէ, գիտեինք, որ դա լինելու է, հանձնառությունը կար։ Այդ միջոցառումների վերաբերյալ արդեն մեր գնահատականը տվել ենք։ Պետք է ասել՝ լավ է, որ շարունակվում է, պահում եք խոստումը այդ մասով»։

Նրա դիտարկմամբ՝ պետական բյուջեի նախագծում 3.5 միլիարդ դրամի նորություն կա․ «Այստեղ 1 միլիարդը «մաքուր» նորությունն է, ու հենց բյուջեի հաշվին է դրված։ Պետք է արձանագրեմ, որ ամեն դեպքում, սա փոքր գումար է։ Ասպիրանտների վերապատրաստման ծրագիր կա, հայրենադարձության որոշակի կոմպոնենտ կա այդտեղ։ Մյուս միջոցառումը 2.5 միլիարդ դրամ է, որում սարքավորումների, գերազանցության կենտրոնների ծրագրեր կան, կարծես թե հատուկ մաս է հատկացրած, որպեսզի խրախուսվի ինստիտուտների միավորումը։ Այս կտորը՝ հատկապես սարքավորումների, ենթակառուցվածքների մասով շատ կարևոր է ու դա մեծ կտորն է։ Այդ  2.5 միլիարդը դրված է ԵՄ օգնության, վարկի կամ դրամաշնորհի վրա։ Չգիտեմ՝ դրա իսկական անունն ինչ է։ Իմ համար դժվար է ասել՝ դա երբ կդառնա իրական, իրական է արդյոք։ Եթե այդպես է, լավ է, բայց երբ առանձին ձևակերպում է տված ԵՄ-ի մասով, հանգիստ չեմ զգում ինձ, որովհետև այդ գումարի մասին դեռ մասնագիտական պատկերացում չունեմ»։

Խաչիկ Նազարյանը նաև նշում է, որ պետք է կենտրոնանալ գումարների արդյունավետ ծախսման վրա՝ առանց վախենալու որոշակի ձախողումներից։ «Անհրաժեշտ է հստակեցնել, թե մեր պետության համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում։ Արդեն նշմարվում են որոշ ուղղություններ, որոնք առաջանցիկ, երևացող են, հատկապես այնտեղ, որտեղ երիտասարդներ կան։ Նոր, մինչդիսցիպլինար ուղղություններն են կարևոր, օրինակ, կենսաինֆորմատիկան։ Ուրախալի է, որ այդ խումբը շատ ակտիվ է։ Ծերացել եմ՝  ասելով, որ հասարակական գիտությունները, հումանիտար ուղղությունը շատ կարևոր են։ Սկսած հայագիտությունից՝ վերջացրած մեր հարևանների մասին ուսումնասիրություններով, ցանկացած սոցիալական, հասարակական ուղղություն շատ կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար»։

Խաչիկ Նազարյանն ասում է՝ ուրախալի է, որ կրթությունն ու գիտությունը ներկայացվում են որպես պետական բյուջեի առաջանահերթություն․ «Երևի առաջին անգամ է, որ շատ հստակ ֆիքսվեց, որ կրթությունն ու գիտությունը առաջանահերթություն են, ու դրվեց այնպիսի ցուցակում, որտեղ առաջին տեղում գրված էր պաշտպանությունը։ Ի՞նչն է ինձ մի քիչ տխրեցնում, որ ճանապարհին երևի մեր հաղորդագրությունները «կտրվում են», ուղիղ տեղ չեն հասնում, որովհետև մենք կոնկրետ այդ կրթություն, գիտություն կոչեցյալ ոլորտի պատասխանատուների հետ զրուցելուց հասկանում ենք, որ այդտեղ ինչ-որ մի բան կտրվում է։ Երկար ժամանակ նորմալ է եղել կրթությունը և գիտությունը նույն տողի մեջ ասելը․ հիմա կոնկրետ իմ համար սկզբունքային է դարձել, որ այդպես չպետք է լինի»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամի դիտարկմամբ՝ գիտությունը առաձին շեշտադրում պետք է ունենա․ «Եթե ուշադիր կարդաք, վարչապետը իր խոսքում ասում է՝ «ամեն անձ պետք է կրթված լինի, դա շատ կարևոր է»։ Իհարկե, համաձայն եմ, բայց դրանից հետո ասում է՝ «դրա տրամաբանական շարունակությունն է գիտությունը»։ Դա շատ էնցիկլոպեդիալ մոտեցում է, որ կրթություն, հետո գիտություն։ Հազար անգամ կրկնել եմ, չեմ հոգնի, հազար անգամ կասեմ, որ տեղ հասնի այդ հաղորդագրությունը, որ հերթականությունը հակառակն է։ Իրականում, կրթությունից հետո գիտություն ասել մոտավորապես նույնն է, որ ասել «մինչև հաց չուտես, չես մեծանա»։ Իհարկե, եթե չկրթվես, երևի գիտնական չդառնաս, դա խրոնոլոգիական կապ է, բայց հակառակ կապն է շատ ուժեղ, որ մինչև գործող գիտնական չլինի, ժամանակակից գիտելիք արտադրող ինստիտուտ չլինի, կրթություն չի լինի։ Ո՞վ պետք է տա այդ կրթությունը՝ հատկապես բարձրագույնում, եթե չկա գործող, ակտիվ գիտնական՝ ժամանակակից գիտելիքով։ Գիտություն է պետք, որպեսզի կրթությունը լավ լինի։ Շատերը հարցնում են՝ ինչպես անել, եթե գիտություն չկա։ Պետք է եղածը պահպանել, մաքսիմում շատ հասկանալ դրա կրիտիկականությունը, եթե եղածը չպահպանես, կրթության մեջ օրեցօր կորցնում ես։ Ոլորտի քաղաքականության համար գլխավոր պատասխանատու անձի մոտ նույնպես այս խնդիրը կա»։

Նա նաև նշում է՝ կարևոր է, որ ցանկացած գործողություն համալիր մոտեցմամբ արվի։ «Գումարը քիչ է, բայց պետք է բաշխվի այնպես, որ համալիր արվի գործողությունները։ Ես ինչքան տեսնում եմ, մեր գիտությունների կոմիտեում հասկանում են՝ ինչ է պետք անել, ուստի նրանց է պետք լսել։ Գուցե այնտեղ խարիզմայի պակաս կա, ավելի համարձակ լինելու կարիք կա։ Չեմ տեսնում, որ իրենց ձայնը լսելի է, գուցե հենց իրենցից է, բայց տեսնում եմ, որ այդ երիտասարդները գիտեն՝ ինչ է պետք անել»։

Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլիարդի դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։

Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։

Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ:

139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը):

Ըստ կառավարության՝ Եվրամիության աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,5 մլն դրամ դրամաշնորհ:

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել