Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան
16:15 - 12 հոկտեմբերի, 2021

Ներդրողներին պետք է համոզել, որ Դիլիջանը իրենց բիզնեսի համար լուրջ կենտրոն կարող է լինել․ Արմեն Ուլիխանյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ուլիխանյանը զինվորական թոշակառու է։ Վերջինս ակտիվ քարոզարշավի փուլում է, բնակիչների հետ քննարկումներ է իրականացնում, զրուցում նրանց հետ, լսում բարձրացրած խնդիրները՝ դրանց համար լուծումներ առաջարկելով։

«Խնդիրները, որ բարձրաձայնում են բնակիչները, ես տարիներ առաջ փորձել եմ լուծել, բայց նախկին ղեկավարությունն անհասկանալի մոտեցում ցուցաբերեց․ ընդամենը պետք էր իրենց «հա՛» ասելը, աջակցությունը եւ ցանկությունը, որը չեղավ»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Ուլիխանյանը։ Մեր հարցին, թե, մասնավորապես, ինչ խնդիրներ էին, որ այդպես էլ լուծում չստացան, մեր զրուցակիցն առանձնացրեց համայնքային տրանսպորտի, լուսավորության խնդիրները․ 

«Սրանք քաղաքապետի ամենօրյա խնդիրներն են․ երբ ասում են մաքրություն, տրանսպորտ, լուսավորություն, այս հարցերով պետք է մշտապես զբաղվել։ Ոնց որ մարդն իր տունը մաքրի, հետո գլուխ գովա, որ իր տունը ավլել-մաքրել է։ Կենսական նշանակության հարցեր են դրանք։ Բացի դրանից՝ քաղաքում հանրային միջոցառումներ գրեթե չէին կազմակերպվում․ մարդիկ 30 տարի կինո չէին կարողանում գնալ։ Որոշ ժամանակ առաջ ինձ գտան մասնագետներ, ու ստացվեց այնպես, որ կինոթատրոնը սկսեց գործել»,- ասաց Ուլիխանյանը։ Խոսքը Դիլիջան քաղաքի միակ «Մանուշակ» կինոթատրոնի մասին է, որ վերաբացվել է և կրկին գործում է՝ նաեւ Ուլիխանյանի՝ մշակութային կյանքը զարգացնելու և վերականգնելու ծրագրերի շրջանակներում։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այս քայլը շարունակական է լինելու, բնակիչները տեղեկացված են լինելու կինոթատրոնում ժամանակ առ ժամանակ թարմացվող ֆիլմացանկի մասին։ Նա նշեց, որ ծրագրերի մեջ է մտնում կինոթատրոնի գործունեությունը ընդլայնելն և զարգացնելը՝ այն վերածելով մշակութային կենտրոնի։

«Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու կրթական-մշակութային կյանքին։ Դիլիջանը եղել է ինտիլիգենտ, մշակութային, տուրիստական կենտրոն։ Հիմա բացարձակ վերացել է նաեւ առողջարանային բուժումը։ Դա անպայման, պարտադիր վերականգնելու ենք»,- վստահեցրեց համայնքապետի թեկնածուն։ Նրա դիտարկմամբ՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների անհրաժեշտություն կա․ «Մասնագետ չունենք, եռակցող ենք փորձում գտնել, մեկ-երկուսը կան, ու եթե զբաղված են, պետք է հերթագրվես։ Երիտասարդներն էլ, կարծես, սովորելու ցանկությունը կորցրել են, որովհետեւ կենտրոններ չկան, զբաղվածության խնդիր է առաջացել։ Իսկ եթե ուսումնարաններ լինեն, մարդիկ մասնագիտություն ձեռք կբերեն, կտոր հաց կվաստակեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր մասնագետների հետ՝ Դիլիջանի պրոֆտեխուսումնարանը վերականգնելու մտադրությամբ։ Ուլիխանյանը նաեւ նշեց, որ հարցումներ են արել բնակիչների շրջանում՝ հասկանալու՝ աշխատանք չունեցող քանի քաղաքացի կա, ինչ աշխատանքի եւ ինչ մասնագիտությունների պահանջ կա, որպեսզի ընտրվելու պարագայում աշխատատեղեր ստեղծելու գործընթացին անցնեն։

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում Ուլիխանյանն առանձնացրեց նաեւ ճանապարհների նորոգման հարցը․ «Դրա մասին անգամ խոսելն է ավելորդ։ Այդ ի՞նչ զրույց է, թե՝ ես Դիլիջանում ասֆալտ կանեմ։ Ինչի՞ մասին է խոսքը, դա պարտադիր է, Դիլիջանը պետք է բարեկարգ լինի։ Բնակիչների, տուրիստների համար պետք է հաճելի լինի, ժամանցի պայմաններ, կենտրոններ լինեն։ Դիլիջանը՝ որպես ժամանցի կենտրոն, վերացել է։ Իմ ընկերները, որ գալիս են, ինձ մտահոգություն են հայտնում, որ զբաղմունքի, ժամանցի կետեր չկան։ Դիլիջանն անտեսվել է, հիմա թողնված է ինքնահոսի, դրա համար անհատները ինչ կարողանում՝ անում են, մեկը՝ հյուրանոց է սարքում, մեկը՝ մի այլ բան, բայց համընդհանուր զարգացում չկա․ քաղաքի զարգացման ծրագիր է պետք»,- մանրամասնեց Ուլիխանյանը։

Վերջինս նշեց, որ համայնքային միջոցներն, իրականում բավարար չեն՝ բոլոր խնդիրները լուծելու համար, դրա համար պետք է ներդրումային ծրագրեր ներգրավեն․ «Համայնքային բյուջեն շատ փոքր է, բավարար չէ։ Պետք է շահագրգռել ներդրողներին։ Շատ մարդիկ էլ իմ խաթր, ինձ վստահելով են գալու, ներդրումներ անեն։ Իսկ մյուսներին պետք է համոզել, հասկացնել, որ քաղաքն իրենց համար բիզնեսի լուրջ կենտրոն կարող է լինել։ Դիլիջանն Աստծո տված անկյուն է, պետք է զարգացնել»,- եզրափակեց Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Ուլիխանյանը։

Լուսանկարը՝ Արմեն Ուլիխանյանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել