Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|
13:28 - 13 հոկտեմբերի, 2021

Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի առթիվ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում կամ դրա աշխատանքներին զուգահեռ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը:

Մենք ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում: Քննարկել ենք ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, հայկական մշակութային հուշարձանների մատչելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին: Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ նախատեսվո՞ւմ է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

«Հանդիպումներ նախատեսվում են, առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք է բերվել»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել