Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|
09:59 - 21 հոկտեմբերի, 2021

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը:

«Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», - ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին գործի լսումները ավարտվել են: Երկու շաբաթվա ընթացքում երկու լսում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ Հայաստանի ներկայացրած խնդրանքի հիման վրա, մյուսը՝ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու խնդրանքի հիման վրա:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ երկու լսումների ընթացքում էլ Հայաստանի փաստաբանական թիմը բավական զորեղ ու համոզիչ փաստարկներ ու ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև շատ համոզիչ կերպով պաշտպանել է հայկական շահերը Ադրբեջանի միջնորդության ժամանակ՝ հակափաստարկներ բերելով ադրբեջանական կողմի դատարկ և անհիմն պահանջներին:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի դեմ դատական գործի ընթացքը ինքնին կարևոր է, քանի որ դրանով որոշակի արդյունքներ արդեն արձանագրվել են, մասնավորապես այն, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի պահանջով հեռացրել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմական ավարի պուրակից»:

«Կարծում եմ՝ դա առաջին մեծ հաջողությունն է, քանի որ ադրբեջանական կողմը մանեկենների և սաղավարտների հեռացման ապացույցը ներկայացրեց դատարանին լսումներից ընդամենը երկու-երեք օր առաջ, ինչը ցույց է տալիս, որ այս լսումները ինքնին արդեն արդյունք ունենում են», - մեկնաբանեց Եղիշե Կիրակոսյանը:

Ներկայացուցչի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումը տվյալ գործով հրապարակելու է մոտ մեկ կամ մեկուկես ամսից. «Եթե որոշումով ստանանք այն, ինչ ուզում ենք, դա կլինի ավելի համոզիչ, և դա մեծ ճնշում է ավելացնելու Ադրբեջանի վրա: Արդեն ավելացրել է, և եթե որոշումը լինի, այդ ճնշումը բազմապատկվելու է»:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել