Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանությունների
20:37 - 23 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանությունների

Այսօր  Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը:

2 ականադաշտ՝ մոտ 450 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաներ:

Ընթացակարգում ստորագրվել են հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին է հանձնվել ականազերծված տարածքների քարտեզները:

Արարողությանը մասնակցել են Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները, վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ.

«Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հեկտար հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,-ասել է նա:

Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետը կարևորել է կենտրոնի աշխատանքները և հույս հայտնել, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր.

«Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»,-նշել է փոխնահանգապետը:

Արարողության ընթացքում սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ այս մարդասիրական առաքելությունը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Մինչև օրս Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան 880 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 42 հազարից ավելի տեղաբնակների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել