Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների
19:41 - 26 հոկտեմբերի, 2021

Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների

«Մենք արտադրում ենք տվյալներ ամեն տեղ՝ ուր էլ գնալիս լինենք։ Ամեն րոպե, ամեն վայրկյան առցանց ենք (online)։ Եւ շատ հեշտ է օգտագործել այդ տվյալները՝ ձեզ ավելի լավ ճանաչելու և այդ իմացությունը ձեր մտածելակերպի փոփոխության համար օգտագործելու նպատակով»։

Ֆրանսուա դյու Կլյուզել՝ ՆԱՏՕ-ի գեներալ,
կոգնիտիվ պատերազմի կոնցեպտի հիմնադիր

 
ՆԱՏՕ-ին մոտ գտնվող ռազմական-գիտական ​​շրջանակներն ակտիվորեն սկսել են քննարկել «Ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմ» կազմակերպելու մեխանիզմներն ու գործիքները: Այս հայեցակարգն աչքի է ընկնում նրանով, որ համարվում է առանձին մարտի տեսակ, և փորձագետները խոսում են, որ այն վարելու են առանց ուժային միջամտության՝ միայն մարդու գիտակցության վրա ազդելու մեթոդների օգնությամբ։ ՆԱՏՕ-ում որոշ շրջանակներ ակնհայտորեն շահագրգռված են օգտագործել նման միջոցներ, քանի որ դրանց օգնությամբ հնարավոր է հաղթել հակառակորդին՝ առանց թնդանոթների և գնդացիրների։

Այս տարվա նոյեմբերի 30-ին Օտտավայում ճանաչողական պատերազմի թեմայով կոնֆերանս է նախատեսվում, որին, նախնական տեղեկություններով, մասնակցելու են Կանադայի հատուկ օպերացիաների հրամանատարությունը (CANSOFCOM), ՆԱՏՕ-ի կանադական ասոցիացիան (NAOC), Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ինովացիոն կենտրոնը (iHub), ինչպես նաև  հետազոտական այլ ​​կազմակերպություններ, գիտնականներ և քաղաքական գործիչներ, որոնց ուսումնասիրության տիրույթում են ժամանակակից պատերազմների օրինաչափությունները:

ՆԱՏՕ-ն կարծես արդեն գործնականում նպատակ ունի մշակել ճանաչողական պատերազմի տարրերը։ Սա կարելի է ենթադրել դաշինքի ինովացիոն կենտրոնի՝ iHub-ի ղեկավար Ֆրանսուա դյու Կլյուզելի «Cognitive Warfare (ճանաչողական պատերազմ)» վերտառությամբ զեկույցից, որ պատրաստվել է փոխակերպումների գծով ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ (SACT)։ Կլյուզելն, ի դեպ, 2013-2016 թվականներին ծառայել է հենց SACT-ում՝ որպես սպա (իսկ մինչ այդ՝ ֆրանսիական թեթև զրահապատ հեծելազորում)։ 

Հետազոտության պատրաստումը ֆինանսավորել է Դաշնակիցների փոխակերպման հրամանատարությունը (ACT), որը ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարություններից մեկն է, չնայած, ինովացիոն կենտրոնի կայքում ասված է, որ զեկույցի հեղինակների եզրակացությունները չեն կազմում ՆԱՏՕ-ի կամ այլ կազմակերպության տեսակետները։

Զեկույցի հեղինակները գրում են, որ «երբ քաղաքացիական ողջ բնակչությունը ՆԱՏՕ-ի թիրախում է, արեւմտյան զինված ուժերը պետք է ավելի սերտորեն համագործակցեն ակադեմիական շրջանակների հետ, որպեսզի կարողանան օգտագործել սոցիալական եւ հումանիտար գիտությունները՝ որպես զենք, եւ օգնեն դաշինքին ճանաչողական պատերազմում իր ներուժը զարգացնելու հարցում»։ 

Ինչպես նշված է հետազոտության մեջ՝ մինչ այժմ ՆԱՏՕ-ն առանձնացնում է հինգ օպերատիվ տարածքներ՝ օդ, ցամաք, ծով, տիեզերք և կիբերտարածություն․ ՆԱՏՕ-ի Ճանաչողական պատերազմի ռազմավարությունների զարգացումը, սակայն, ենթադրում է վեցերորդ մակարդակ՝ «մարդկային ոլորտը»: Ֆրանսուա դյու Կլյուզելն ընդգծում է, որ թեև հինգ ոլորտներում իրականացվող գործողություններն արվում են մարդկային ոլորտի վրա ազդելու նպատակով, սակայն ճանաչողական պատերազմի նպատակը «բոլորին զենք դարձնելն է»։

Ըստ զեկույցի հեղինակի՝ ապագա կոնֆլիկտներն, ամենայն հավանականությամբ, ծագելու են հենց մարդկանց միջև՝ հիմնականում թվային, այնուհետև ֆիզիկապես՝ քաղաքական և տնտեսական հզորության կենտրոնների հարևանությամբ․ «Մարդը շատ հաճախ ամենախոցելին է, և դա պետք է գիտակցվի՝ ՆԱՏՕ-ի մարդկային կապիտալը պաշտպանելու, բայց նաև մեր հակառակորդների խոցելիությունից օգտվելու համար»,- նշում է հեղինակը՝ շեշտելով, որ Ճանաչողական պատերազմի նպատակը հանրությանը, եւ ոչ թե միայն զինվորականներին վնասելն է։ Իսկ ամեն ինչ, ըստ Կլյուզելի, սկսվում է տեղեկատվությունից, քանի որ այն, այսպես ասած, «ճանաչողական պատերազմի վառելիքն է»։

Տարբերությունը բոլորիս հայտնի տեղեկատվական պատերազմից

Ճանաչողական պատերազմը տեղեկատվական պատերազմից տարբերվում է նրանով, որ եթե վերջինն ուղղված է տեղեկատվական դաշտում քաոս ստեղծելուն, ապատեղեկատվություն տարածելուն, հակառակորդի շարքերում խուճապային տրամադրություններ ստեղծելուն, ապա Ճանաչողական պատերազմը, ինչպես նշում է հենց  Կլյուզելը, «տեխնոլոգիաների օգտագործման միջոցով մարդկային նպատակների ճանաչողությունը փոխելու արվեստ է»։

Այսպիով՝ Ճանաչողական պատերազմի օբյեկտը ավելի լայն շրջանակ է ընդգրկում և ներառում է «անձանց, պետություններին, հասարակություններին, կազմակերպություններին և դրանց կառավարման համակարգը»։ Գործողության դաշտը ուղղված է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց գլոբալ կառավարմանը։ Այլ բառերով ասված՝ Ճանաչողական պատերազմը ոչ թե տեղեկատվական պայքար է, այլ լրիվ նոր պատերազմի տեսակ, ինչի թիրախը «մարդկային անհատականությունն է»։

Ճանաչողական պատերազմը սկսվում է որպես տեղեկատվական և օգտագործում հիպերմիացումը, ապա ավարտվում է հիբրիդայինի տեսքով։

Փախուստ իրականությունից
 

Նպատակային է ստեղծել հարմարավետության այնպիսի գոտի, որտեղ մարդը երևույթների հանդեպ պաշտպանական մեխանիզմի՝ մերժման միջոցով կհասնի հոգեբանական այնպիսի ընկալումների, որոնք «կստեղծեն» նրա, հարազատների, բարեկամների համար միայն անվտանգ և ապահով միջավայր, առանց որևէ անհագստության, որ կարող է գալ արտաքին աշխարհից։ Պետք է ապահովել անձի մի այնպիսի վերացական վիճակ, որով մարդը կհավատա ցանկացած տարբերակի, միայն թե չարձագանքի իրական աշխարհից բխող սպառնալիքներին։ Կարևորն այստեղ, ինչպես նշում են հեղինակները, հավաստի աղբյուրը վստահելիով փոխարինելն է։  

Հիմնական եզրահանգումները եվ տեղեկությունները

  • Ճանաչողական պատերազմը ենթադրում է հակառակորդի ճանաչողականությանը վնասելու ունակությունների զարգացում․ այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ն պետք է կարողանա պաշտպանել իր որոշումների կայացման գործընթացը և խաթարել հակառակորդի որոշումների կայացման գործընթացը:
  • Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվող ցանկացած մեկը Ճանաչողական պատերազմի պոտենցիալ թիրախ է: Ճանաչողական պատերազմը միտված է հասարակության, ազգի, ժողովրդի ողջ մարդկային կապիտալի կառավարմանը:
  • Ի լրումն ռազմական հակամարտությունների՝ Ճանաչողական պատերազմը կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց ռազմական միջոցների ներգրավման: Ավելին՝ Ճանաչողական պատերազմի պոտենցիալն անվերջ է, և դրա արդյունքում չի կարող լինել խաղաղության պայմանագիր (ճանաչողական պատերազմի միջազգային իրավական կարգավորումը դժվար է սահմանել):
  • Այս նոր մարտավարությունը չունի աշխարհագրական սահմաններ, այն նաև չունի ժամանակային սահմանափակում. «Այս մարտադաշտը գլոբալ է՝ հիմնական զենքը համացանցն է: (Առանց սկզբի կամ ավարտի, այս նվաճումը դադար չի ճանաչում, որն ընդհատվում է մեր սմարթֆոնների ծանուցումներով, ցանկացած վայրում, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր»․ Կլյուզել
  • Նյարդակենսաբանական մեթոդներն ու տեխնոլոգիաները անվտանգության, պաշտպանության և հետախուզության ոլորտների տարբեր ձեռնարկություններում օպերատիվ օգտագործման մեծ ներուժ ունեն: Փոխվում են ստորաբաժանումների կառուցվածքը, բնույթը և ձևը։ Դրանցում առավել ուշագրավ են էլեկտրոնային պայքարի առանձին ինքնաշխատ միավորները։
  • Թեև մի շարք երկրներ իրականացրել և ներկայումս իրականացնում են նեյրոկենսաբանական հետազոտություններ և մշակումներ ռազմական նպատակներով, այս առումով, թերևս, ամենաակտիվ ջանքերը ձեռնարկել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը. առավել տեսանելի և ամենաարագ աճող հետազոտությունն ու զարգացումն իրականացվում է Պաշտպանության առաջադեմ հետազոտական ​​նախագծերի գործակալության «(DARPA) և Advanced Intelligence Research Projects Activity-ի (IARPA) կողմից»:.
  • Եթե կինետիկ ուժը չի կարող հաղթել թշնամուն, ապա հոգեբանությունը և հարակից վարքային և սոցիալական գիտությունները կարող են լրացնել բացը: Հասարակական գիտությունները կաջակցեն մարտական  գործողություններին՝ տրամադրելով գործողությունների պոտենցիալ ուղղություններ մարդկային ողջ միջավայրի համար՝ ներառյալ հակառակորդի ուժերը, ինչպես նաև բացահայտելով մարդու հոգեբանական հիմնական տարրերը, ինչպիսիք են գիտակցական կենտրոնը, ցանկալի վարքագիծը՝ որպես վերջնական նպատակ:
  • Ճանաչողական պատերազմին կներգրավվեն բոլոր ակադեմիական առարկաները․ «Բանակի հետ համագործակցությունը առավել քան երբևէ կպահանջի գիտելիքներ մարդաբանության, ազգագրության, պատմության, հոգեբանության և այլ ոլորտներում»:
  • Նանոտեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճանաչողական գիտությունների (NBIC) այսօրվա առաջընթացը, որն ամրապնդվել է արհեստական բանականության, մեծ տվյալների (big data) և քաղաքակրթական «թվային կախվածության» հաղթական անկասելի երթով, ստեղծել է շատ ավելի սարսափելի հեռանկար՝ ներկառուցված վեցերորդ շարասյան տեսքով, որտեղ բոլորը, առանց իմանալու, իրենց պահում են մեկի պլանին համապատասխան։
  • Պատերազմի ժամանակակից հայեցակարգը ոչ թե զենքի, այլ ազդեցության մասին է: Երկարաժամկետ հաղթանակը կշարունակի կախված լինել բացառապես ճանաչողական տիրույթի վրա ազդելու և այն փոխելու կարողությունից:
  • Ճանաչողական պատերազմը կարող է լինել այն պակասող օղակը, որը ռազմի դաշտում ռազմական հաղթանակից տեղափոխվում է կայուն քաղաքական հաջողության:
  • Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերազմը մղվում էր ավելի շատ տարածք ստանալու համար: Այժմ կա նոր նպատակ՝ փոխել հակառակորդների գաղափարախոսությունը՝ ուղեղը դարձնելով մարդու ծանրության կենտրոն։ Եվ սա մարդուն դարձնում է վիճաբանության առարկա կամ սուբյեկտ, իսկ միտքը դառնում է մարտի դաշտ: Երբ մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին, ճանաչողական պատերազմը մանիպուլյացիայի ամենաառաջադեմ ձևն է, որ կարելի է տեսնել արդեն այսօր: Այն ձգտում է ազդել անհատների որոշումների կայացման վրա և ազդել մի խումբ մարդկանց վարքագծի վրա՝ մարտավարական կամ ռազմավարական առավելություն ստանալու նպատակով:
  • Ճանաչողական պատերազմը դիտարկվում է որպես ՌԴ Գենշտաբի մշակած «Գերասիմովի դոկտրինի» դեմ պայքարի նոր միջոց։

 

Աղբյուրներ

https://www.innovationhub-act.org/sites/default/files/2021-01/20210122_CW%20Final.pdf

https://www.zerohedge.com/geopolitical/natos-plans-hack-your-brain

https://novayagazeta.ru/articles/2019/03/09/79808-dobitsya-prevoshodstva-nad-ostalnym-chelovechestvom

https://www.ng.ru/armies/2021-10-14/2_8278_nato.html

https://www.nato.int/cps/en/natolive/topics_52092.htm

https://thegrayzone.com/2021/10/08/nato-cognitive-warfare-brain/

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել