Հոկտեմբերի 29-31 անցկացված «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսում ներկայացված էին «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտները և շրջանավարտները։
Այս տարվա ամռանը Նոյեմբերյանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտներ Արգամը, Հայկը և Հրանտը ստեղծեցին «Protolab» ստարտափը։
«Protolab»-ը ներկայացված էր «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսում։
Ստարտափի ստեղծման համար Արգամը, Հայկը և Հրանտը գարնանը դրահամահավաք էին նախաձեռնել։ Դրամահավաքի միջոցով հավաքվել էր 10 000 դոլար, պահանջվող ևս 5000 դոլարի բացը տղաները լրացրել էին՝ համագործակցելով «SoftConstruct» ընկերության հետ, որը նրանց տրամադրել է համակարգիչներ։ Իսկ ստարտափի համար տարածք տղաներին հատկացվել է Նոյեմբերյանի համայնքապետարանում։
Թիմն այս ընթացքում մեծացել է, Արգամին, Հայկին և Հրանտին միացել են Մերին, որը «Protolab»-ի նախագծերի համակարգողն է, և Հայկը, որը 3D մոդելավորող է։
«Protolab»-ի թիմը ստեղծել է մի քանի լիցքավորիչների (power bank) նախատիպեր։ Լիցքավորիչներից առաջինն ունի նաև լապտեր, երկրորդն աշխատում է արևային վահանակներով, երրորդը մեխանիկական էներգիան էլեկտրականի է վերածում։ Տղաներն ասում են՝ իրենց լապտերները հարմար են արշավների համար․ երկրորդն, օրինակ, կարող է օգտագործվել, երբ արշավորդներն էլեկտրականություն չունեն։ «Protolab»-ը ծրագրում է բազմաֆուկցիոնալ լիցքավորիչներ պատրաստել։
Տղաներն ասում են, որ արդեն սկսել են եկամուտ ստանալ։ Նրանց վերջին խոշոր պատվերը եղել է «Zevit» ընկերությունից։ Ընկերության պատվերով «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսի համար «Protolab»-ը նախագծել, մոդելավորել և տպել է հողմաէլեկտրակայանի՝ մոտ 1,5 մետր բարձրությամբ մոդել։
Այս տարվա հունվարին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» հայտարարեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսին ներկայացված էին Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի աշակերտների աշխատանքները։
Խմբակը բացվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շենքում, և այտեղ հաճախում են նաև վարժարանի սաները։
Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի աշակերտները հետախուզական ԱԹՍ-ներ են մոդելավորել, Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթում էլ դպրոցականների կարգում գրավել են երկրորդ տեղը։
«ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսին ներկայացված էին նաև տարբեր համայնքների «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների աշխատանքները։
Վեդու «Արմաթ»-ի աշակերտ Գևորգը, որը սովորում է 9-րդ դասարանում, ներկայացրել էր իր Ժուժու անունով ռոբոտին, որը կարողանում է հետ ու առաջ գնալ, ձեռքերը շարժել և կառավարվում է հեռախոսով։
11-րդ դասարանցի Ժորան ներկայացրել էր իր պատրաստած սարքը, որը 360 աստիճան պտտվում է և մարդուն տեսանկարահանում։
Վեդու «Արմաթ»-ի աշակերտներից Արմենն էլ ներկայացրել էր իր պատրաստած ձեռքի մեխանիկական պրոթեզը։
2011-ից «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը:
«Արմաթ» լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։
Գլխավոր լուսանկարը՝ DigiTec-ից
Աննա Սահակյան
comment.count (0)