tert.am: Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց անվտանգության գոտու անհրաժեշտութունը և նոր արտահերթ զեկույցը, որտեղ հիմնավորված են Ադրբեջանի հանցավոր արարքները։
Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիս անց հետո առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։
«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց նա և նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։
«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»,-ասաց նա։
Արման Թաթոյանն ասաց, որ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա, որ կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։ Նա նշեց որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ-ը առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին, ինքն այցելել էր, պահանջել իրավունքների խախտումների քննություն իրականացել։ «Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել, էլ անաչա՞ռ չեմ»,-ասաց նա և նշեց, որ այսօր էլ, 2018 թվականին էլ նույն խնդիրներն են, և ոչինչ չի փոխվել։
Ըստ ՄԻՊ-ի՝ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին, և նրա հայտարարությունները մանիպուլատիվ են։
comment.count (0)