Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|
15:57 - 03 նոյեմբերի, 2021

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ:

Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ:

«Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը:

Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ:

Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել