2020-ի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց «Պֆայզեր» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: 2021-ի ապրիլի 30-ին էլ ԱՀԿ-ն հաստատեց «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը։
Ի տարբերություն կորոնավիրուսային հիանդության դեմ մյուս պատվաստանյութերի՝ այս երկու պատվաստանյութերը պատրաստված են նոր տեխնոլոգիայով և կոչվում են ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Թերևս սա է պատճառը, որ «Պֆայզերի» ու «Մոդեռնայի» մասին սոցիալական ցանցերում, սունկ կայքերում բազմաթիվ միֆեր են տարածվում․ օրինակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերն ազդում են մեր ԴՆԹ-ի վրա և փոխում մեր գեները, ի-ՌՆԹ-ով պատվաստված մարդիկ գենետիկորեն փոփոխված երեխաներ են ունենում։
Որպեսզի պարզ լինի, թե ինչու ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող ազդել մեր ԴՆԹ-ի վրա և փոխել մեր գեները կամ էլ գենետիկորեն փոխված երեխաների ծնվելու պատճառ դառնալ, պետք է իմանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ․
Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցում բջիջ․ ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստանյութերը
Կորոնավիրուսի մակերեսին կան մի քանի տեսակի սպիտակուցներ։ Այս սպիտակուցներից մեկը կոչվում է S սպիտակուց (spike protein)։ S սպիտակուցների օգնությամբ է վիրուսը կարողանում ներթափանցել բջիջ և վարակել այն։ Բնական ճանապարհով վարակվելիս մեր օրգանիզմն S սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում։ Պատվաստանյութերի նպատակն էլ այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ առաջացնելն է, որպեսզի հետագայում, երբ բնական ճանապարհով վարակվենք, մեր օրգանիզմն արդեն ունենա պատրաստի հակամարմիններ և ավելի արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։
Ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն
Մեր օրգանիզմում կան սպիտակուցների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն (օրինակ` սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակությանը, ունեն կառուցվածքային նշանակություն, քանի որ մեր բջիջների որոշ հատվածներ կազմված են սպիտակուցներից և այլն)։
Բջջի ներսում կա օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող ևս մի մոլեկուլ, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ կարճ՝ ԴՆԹ։ ԴՆԹ-ն պարունակում է տեղեկություն սպիտակուցների կառուցվածքի մասին, այսինքն՝ որպեսզի մեր բջիջներում ստեղծվեն սպիտակուցներ, նախ պետք է «կարդալ» սպիտակուցի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը։
Բայց քանի որ ԴՆԹ-ները գտնվում են հիմնականում բջջի կորիզում, իսկ սպիտակուցների սինթեզն իրականացվում է բջջի այլ հատվածում, անհրաժեշտ է, որ ԴՆԹ-ում պահվող կամ «կոդավորված» տեղեկությունը դուրս գա կորիզից ու հասնի այնտեղ, որտեղ սինթեզվում են սպիտակուցները։
Հենց այստեղ էլ օգնության են հասնում ռիբոնուկլեինաթթու կամ ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Կան ՌՆԹ-ի մի քանի տեսակներ, որոնք օրգանիզմում տարբեր գործառույթներ են կատարում։ Անդրադառնանք միայն ինֆորմացիոն ՌՆԹ-ներին կամ ի-ՌՆԹ-ներին։ Վերջիններս ձևավորվում են բջջի կորիզում, «արտագրում» կամ «պատճենում» են սպիտակուցների կառուցվածքի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը և դուրս գալիս կորիզից։ Այնուհետև ի-ՌՆԹ-ները հասնում են բջջի համապատասխան հատված և հրահանգներ են տալիս, թե ինչպես պիտի ձևավորվի այս կամ այն տեսակի սիպատակուցը։ Հենց այդպես էլ մեր օրգանիզմում տեղի է ունենում սպիտակուցների սինթեզը։ Ի-ՌՆԹ-ները սովորաբար երկար կյանք չեն ունենում և հեշտ քայքայվում են։
Ինչպե՞ս են աշխատում ի-ՌՆԹ պատվաստանյութերը
Հիմա, երբ արդեն լավ պատկերացնում ենք, թե ինչ գործառույթներ են կատարում ԴՆԹ-ն, ի-ՌՆԹ-ն, ինչպես նաև գիտենք, թե ինչպես է վիրուսը վարակում բջիջները, շատ ավելի լավ կհասկանանք, թե ինչ են անում ի-ՌՆԹ պատվաստանյութերը, երբ հասնում են մեր բջիջներին։
Ի-ՌՆԹ պատվաստանյութերն ունեն հետևյալ կառուցվածքը․ կենտրոնում ի-ՌՆԹ-ն է, որը պատված է լիպիդների շատ փոքրիկ մասնիկներով (նանոմասնիկներով)։ Լիպիդները քիմիական կառուցվածքով ճարպերին նման նյութեր են, որոնք ի-ՌՆԹ մոլեկուլի համար կարծես «փոխադրամիջոց» լինեն․ դրանք պաշտպանում են ի-ՌՆԹ-ն, մինչև պատվաստանյութը ներթափանցում է բջիջ և կատարում իր գործը։
Պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն պարունակում է տեղեկություն S սպիտակուցի կառուցվածքի մասին։ Սա, հիշեցնենք, այն սպիտակուցն է, որի միջոցով վիրուսը թափանցում է մեր բջիջներ, և որի դեմ մեր օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելիս հակամարմիններ է արտադրում։
Հայտնվելով մեր բջիջներում՝ ի-ՌՆԹ-ն համապատասխան «կարգավորումներ» է տալիս, որից հետո բջիջը սկսում է սինթեզել S սպիտակուցներ (կամ S սպիտակուցի որևէ հատված) և այդ սպիտակուցները դուրս հանել բջջից։
Մեր օրգանիզմը հասկանում է, որ դրանք օտար սպիտակուցներ են, և սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդպես մեզ մոտ իմունիտետ է ձևավորվում։ Երբ բնական ճանապարհով վարակվենք և կորոնավիրուսի մակերեսի S սպիտակուցները մոտենան մեր բջիջներին, օրգանիզմը կճանաչի դրանք, և սպիտակուցի դեմ պատվաստանյութի օգնությամբ արդեն ձևավորված հակամարմինները գործի կանցնեն՝ պայքարելով վիրուսի դեմ։
Ի տարբերություն ի-ՌՆԹ պատվաստանյութերի՝ մյուս պատվաստանյութերը պարունակում են S սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը, փաստորեն, «հրահանգներ են տալիս», որոնց օգնությամբ մեր օրգանիզմն ինքն է սինթեզում S սպիտակուցներ։
Կարևոր է հիշել, որ պատվաստանյութի սինթետիկ ի-ՌՆԹ-ն ունի նույն հատկությունները, ինչ մեր բջիջների ի-ՌՆԹ-ն, այսինքն՝ այն չի կարող վնասել մեր ԴՆԹ-ն և փոխել մեր գեները, որոնցից յուրաքանչյուրը ԴՆԹ մոլեկուլի մի որևէ հատված է։ Ավելին, հենց պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն տալիս է անհրաժեշտ կարգավորումներն ու ավարտում գործը, մեր բջիջները հեշտությամբ քայքայում և դուրս են հանում այն։ Ի-ՌՆԹ-ն չի հասնում բջջի կորիզ, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն։
Հետևաբար, անհիմն են այն պնդումները, թե պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն կարող է հասնել բջջի կորիզ, վնասել ԴՆԹ-ն, փոխել մեր գեները կամ պատճառ դառնալ, որ պատվաստված մարդիկ գենափոխված երեխաներ ունենան։
Աննա Սահակյան
comment.count (0)