Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան
10:52 - 05 նոյեմբերի, 2021

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը։ Այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին։ Այս  առումով ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հարցին, թե արդյոք լինելու է առանձին փաստաթուղթ, որով ամրագրվելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Գրիգորյանն ասել է․ «Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը բնականաբար Լեռնային Ղարաբաղն է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային խնդիր չի եղել, եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցը ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Պատահական չի, որ Ադրբեջանը,  90-ականներին միանալով ԱՊՀ-ին, Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ հիմնադիրներից մեկը, հիմնադիր փաստաթուղթ է ընդունել, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են, բայց դա չի խանգարել ունենալ նաև հարց, որը կքննարկվի, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակներում»։

Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ վերջերս Նյու Յորքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ «Կարծում ենք՝ որոշ չափով վերականգնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, բայց տարածաշրջան այցով և հետագա գործողություններով այն համապարփակ բնույթ կստանա»։

Գրիգորյանը նշել է նաև, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել