ՇՄ նախարարությունն առաջարկում է նվազեցնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը
12:18 - 05 նոյեմբերի, 2021

ՇՄ նախարարությունն առաջարկում է նվազեցնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Սևան» ազգային պարկի տարածքի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար ՊՈԱԿ-ի կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոս տվյալ համայնքների բյուջե փոխանցման ենթակա գումարների շեմը նվազեցնել՝ սահմանելով առնվազն 10 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք e-draft համակարգից։

Այժմ, համաձայն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N1438-Ն որոշման՝ «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գանձած վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան:

Նախագծից տեղեկանում ենք, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 16 համայնքների հետ կնքել է «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին»  պայմանագրեր: 

ՊՈԱԿ-ից 16 համայնքներին փոխանցման ենթակա գումարը  կազմում է տարեկան շուրջ  40-44 մլն.դրամ՝ կախված վարձակալության վճարներից հավաքագրված գումարի չափից: Նշված գումարները ՊՈԱԿ-ի համար, հարկային օրենսդրության տեսանկյունից, որպես ծախս չեն դիտարկվում և համարվում են շահույթի օգտագործում, հետևաբար ենթակա են շահութահարկով հարկման, ինչն էլ, ըստ նախարարության, իր հերթին ծանաբեռնում է ՊՈԱԿ-ի հարկային բեռը տարեկան ևս 8-9 մլն. դրամով:

«Քանի որ մինչև համայնքներին փոխանցելը նշված գումարը արդեն իսկ հարկվում է հողի և ավելացված արժեքի հարկերով, ՊՈԱԿ-ի համար առաջանում են ևս 10 մլն դրամի չափով լրացուցիչ հարկեր, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը ունենում է տարեկան շուրջ 60-64 մլն. դրամ ֆինանսական բեռ: 2021թ.-ի օգոստոսի 11-ի դրությամբ ՊՈԱԿ-ը ունի 79.7 մլն.դրամ կրեդիտորական պարտք, որից «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը «ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին»  պայմանագրերի շրջանակներում 50.3 մլն.դրամ»,- ասված է առաջարկվող կարգավորման նախագծում:

Ըստ նախարարության՝ ներկայումս ՊՈԱԿ-ը կանգնած է ֆինանսական խնդիրների առջև և չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ վերոնշյալ կրեդիտորական պարտքերը մարելու համար: Բացի այդ, ՊՈԱԿ-ը իր առջև ունի ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ֆինանասական  միջոցների սղության պատճառով հնարավոր չէ լուծել:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը նվազեցնելու և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև հետագա բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով առաջարկվում է այս փոփոխությունը։

Նախարարության վստահեցմամբ՝ րոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել