Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|
16:33 - 25 նոյեմբերի, 2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|

1lurer.am: Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպմանը:

«Լրացել է ուղիղ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) իմաստություն ունեցան՝ արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղ երկխոսության անցնելու համար փաստաթուղթ ստորագրելով: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով տարածաշրջանում պահպանվում է լարվածությունը»,- ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցություն է առաջարկել սահմանազատման հարցերում՝ հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները պահվում են Ռուսաստանում։

«Նրանք ստուգված և ճշգրիտ են, հստակ սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները։ Բանակցությունները կարելի է վստահորեն վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանն ու Ադրբեջանը աջակցում են նման մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կան, բայց գործընթացը դանդաղ է ընթանում»,- հավելել է Դաշնության խորհրդի նախագահը:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել