Կոտայքում ամբողջ հանրային տրանսպորտը կսպասարկի Ծառուկյանի որդու ընկերությունը |hetq.am|
10:37 - 26 նոյեմբերի, 2021

Կոտայքում ամբողջ հանրային տրանսպորտը կսպասարկի Ծառուկյանի որդու ընկերությունը |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի միասնական երթուղիներն ամբողջությամբ կսպասարկի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությունը։

2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։ 

Մրցութային հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստի արձանագրությունում նշված է, որ Կոտայքի մարզի հանրային տրանսպորտայի ցանցում ներգրավվելու է 150 ավտոբուս, որից 19-ը՝ պահուստային, իսկ ամենօրյա երթուղիներում լինելու է 131 ավտոբուս։ Այդ նպատակով «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն պարտավորվել է ապահովել չինական «Յութոնգ ZK6852HG» մակնիշի 2022թ․ արտադրության 30 հատ, «Յութոնգ ZK6729D» 2021թ․ արտադրության 40 հատ և ռուսական «ԳԱԶ A65R36» մակնիշի 80 ավտոբուս։

Ըստ նիստի արձանագրության՝ ավտոբուսներն աշխատելու են 35 տարբեր երթուղիներով՝ և՛ մարզի տարբեր համայնքների միջև, և՛ համայքներից դեպի մայրաքաղաք Երևան։ Ամենամեծ թվով ավտոբուսները սպասարկելու են Աբովյան-Երևան երկու երթուղիները՝ ընդհանուր 30 ավտոբուսով։ Համեմատության համար՝ մարզկենտրոն Հրազդանից, Չարենցավանից, Նոր Հաճնից դեպի Երևան լինելու են միայն մեկական երթուղիներ՝ 8-ական ավտոբուսներով, իսկ օրինակ՝ Եղվարդ-Երևան երթուղին սպասարկելու է 6 ավտոբուս։ Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ՝ Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Չարենցավան-Երևան 500 դրամ, Եղվարդ-Երևան, Աբովյան-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել