Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն
16:10 - 29 նոյեմբերի, 2021

Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է՝ չկա խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 33 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Կարեն Աբազյանը, որ համայնքապետի թեկնածուն է, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Նա ՔՊ կուսակցության անդամ է, 45 տարեկան։ 

Նոյեմբերյանը խոշորացված համայնք է․ դրանում ընդգրկված են Նոյեմբերյան քաղաքային, Բերդավան, Կողբ, Ջուջեւան եւ այլ գյուղական բնակավայրերը։ 

Կարեն Աբազյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ծանոթ է խոշորացված համայնքի բոլոր խնդիրներին․ «Արդեն հինգ տարի է՝ աշխատում եմ, Նոյեմբերյան համայնքի խնդիրներին քաջատեղյակ եմ։ Էդ խնդիրներն ինձ համար նորություն չեն, դրանց որոշ մասը լուծվել է, որոշ մասը լուծման ընթացքում է, որոշ մասի լուծումն էլ կախված է ֆինանսական հնարավորություններից, դեռ նոր պետք է լուծումներ տրվեն»,- ասաց նա՝ պնդելով, որ չկա մի այնպիսի խնդիր, որի լուծման ուղղություններն իրենց համար անհասկանալի լինեն։ 

Առհասարակ խոշորացման գործընթացին մեր զրուցակիցը դրական վերաբերմունք ունի․ «Երբ առաջին անգամ ընտրվում էի, ճիշտն ասած, չէի էլ պատկերացնում՝ խոշորացման դեպքում ինչ կստացվի, ինչպես կարելի է կառավարել, բայց կառավարման ընթացքում ծանոթացա գյուղերի, քաղաքների կատարած աշխատանքներին, օպտիմալությանը, աշխատանքի ընթացքում եկա այն համոզմանը, որ իրականում խոշորացված համայնքում աշխատելը, խնդիրները վեր հանելը, լուծելը, բյուջեի կառավարումը շատ ավելի հեշտ է եւ արդյունավետ։ Մանավանդ, կարող եմ ասել, փոքր գյուղեր կային, որտեղ բյուջեն նույնիսկ աշխատավարձի համար չէր հերիքում։ Իսկ հիմա նմանատիպ հարցեր չկան։ Կային գյուղեր, որտեղ գիշերային լուսավորություն ընդհանրապես չկար, իսկ հիմա լուսավորված են»,-ասաց Աբազյանը՝ որպես օրինակ նշելով Բարեկամավանը, Դովեղը եւ այն։

Նա առանձնացրեց խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն համայնքային բյուջեով։ Օրինակ՝ տեղային խնդիրները, փոքր գյուղերի լուսավորության, աղբահանության պատշաճ իրականացման հարցը պատրաստվում են լուծել համայնքի բյուջեով, սակայն, ինչպես մեր զրույցում կարծիք հայտնեց Աբազյանը, առավել մեծ հարցերը՝ այդ թվում՝ ճանապարհաշինության, միայն համայնքային հոգածության ներքո չեն կարող լինել․

«Կան խնդիրներ, որոնց լուծման համար համայնքային բյուջեն բավարար չի լինի։ Հիմնականում ծախսատար են ոռոգման ու խմելու ջրի խնդիրները։ Դրանց մասնակի լուծումներ համայնքը կարող է տալ, սակայն գլոբալ լուծման համար այլ միջոցներ են պետք։ Օրինակ, Արճիս-Լճկաձոր հատվածում այս խնդրի լուծումն առանց պետական աջակցության չէր լինի։ Խոշորացված համայնքը կարող է տեղային խնդիրներ լուծել, բայց գլոբալ խնդիրները շատ ծախսատար են, ինչպես, օրինակ, նաեւ ճանապարհաշինությունը»։

Համայնքապետի թեկնածուն նշեց, որ կան աշխատանքներ, որոնք հիմնականում անում են սուբվենցիոն ծրագրերի միջոցով՝ պետության հետ համագործակցությամբ․ «Բացի դրանից՝ մենք մանկապարտեզների վերանորոգման, կառուցման աշխատանքներ ենք ունեցել, որոնք կատարվել են դոնորների ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ»։

Թե տնտեսական առումով զարգացման ինչ հեռանկար է տեսնում ՔՊ-ի թիմը Նոյեմբերյանում, Աբազյանն ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանը երկու մասի կարելի է բաժանել․ ներքեւում՝ Այրումի տարածաշրջանը, որտեղ ավելի զարգացած է հողագործությունը, եւ վերեւում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանը, որտեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում․ 

«Յուրաքանչյուրի դեպքում մոտեցումը պետք է անհատական լինի։ Նոյեմբերյան խոշորացված համայնքում անասնաբուժական կետեր կան, հեռագնա արոտավայրերում խմոցներ ենք տեղադրել, ճանապարհներ ենք նորոգել, անասնաբուժական դեղատներ ենք բացել գյուղական չորս համայնքներում, որոնք աշխատեցնում են տվյալ բնակավայրերի անասնաբույժները»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմոռանալով հեռագնա արոտների խնդրի մասին։ Նրա խոսքով՝ մի քանի սերունդ է փոխվել, խնդիրները շատացել են․ «Բնակիչների մի մասն արտերկրում է բնակվում, իրենց անունով հողեր կան, որ չեն մշակվում, դառնում են մացառուտներ։ Իսկ կան նոր կազմավորված ընտանիքներ, իրենց էլ հող է պետք, արդեն հողը չի հերիքում, դու չես կարող մեկ ուրիշի սեփականությունը տալ ուրիշին»։ Համայնքապետի թեկնածուի կարծիքով՝ այս խնդրի լուծումը համայնքը չի կարող տալ, հարցին պետական մակարդակով մոտեցում է պետք։ 

Կարեն Աբազյանի վստահեցմամբ՝ այն աշխատանքները, որ արել են այս ընթացքում, շարունակական են լինելու։ Օրինակ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) եւ USAID-ի հետ համագործակցության շրջանակներում 2017 թվականին Նոյեմբերյան քաղաքում հիմնվել է ավտոպարկ, որի տեխնիկայի համալրումը շարունակելու են նաեւ ապագայում։ 

Համայնքապետի թեկնածուն առաջիկա ընտրություններում ակնկալում է ընտրողների ակտիվ մասնակցություն․ «Ակտիվ, ազնիվ ու արդար ընտրություններ եմ ակնակլում, ուզում եմ՝ ժողովրդի մասնակցությունը բարձր լինի, քանի որ ՏԻՄ ընտրությունն անմիջապես բնակչության հետ շփումն է։ Իրենց խնդիրները, անկախ նրանից՝ դրանք վերաբերում են ՏԻՄ-երին, թե ոչ, բնակիչները արտահայտում են, համայնքապետարանը փորձում է լուծում գտնել։ Որպեսզի յուրաքանչյուր համայնքի ղեկավար պատասխանատու լինի, ես մեր բնակիչներին կհորդորեմ ակտիվ մասնակցեն եւ պահանջատեր լինեն»,- եզրափակեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Աբազյանը։

Լուսանկարը՝ Կարեն Աբազյանի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել