Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ
17:47 - 29 նոյեմբերի, 2021

Նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով՝ այն դարձնելով 28․600 դրամ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ից խնամքի նպաստի չափն ավելացնել 2100 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։

Խնամքի նպաստի չափը 2020-ի հուլիսի 1-ից սահմանված է 26.500 դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետի՝ ի կատարումն «Պետական նպաստների մասին» օրենքի։

Նախարարության ներկայացրած նախագծում նշված է, որ, դիտարկելով որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, «ՀՀ 2022թ․ պետբյուջեի մասին» օրենքի նախագծի կազմման հիմքում ընկած հաշվարկներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը ընդունված է 28600 դրամ: Եւ, հաշվի առնելով, սա, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ՝ խնամքի նպաստը եւս դարձնելով 28․600 դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այս որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

Ի հավելումն նշենք, որ, ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից (https://www.mlsa.am/?p=27989), մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ այս պահին 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Նպաստը վճարվում է այն ծնողներին, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ և գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Գյուղաբնակ ծնողին ևս խնամքի նպաստը վճարվում է 26,500 դրամի չափով՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։ 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել առցանց՝ online.ssa.am կայքում կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ ներկայացնելով (այդ թվում՝ այլ անձի միջոցով) իր անձնագիրը, ՀԾՀ-ն, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականն ու ՀԾՀ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել