Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան
20:00 - 01 դեկտեմբերի, 2021

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,- ասել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման և համաչափ զարգացման:

Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարևոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և նախազգուշացման մեխանիզմները:

«Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության և շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն միտված են լինելու խնդիրների մշակմանը և առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին և անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարության մասին և հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը:

«Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված և համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար:

«Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել