«Ի վերջո Մոսկվային, ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղե՞լ է նոյեմբերի 16-ից հետո»․ Ազատություն ՌԿ-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, եւ որ դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է․ «Մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից ակնկալում ենք այս հարցի լուծման գործընթացում աջակցություն։ Ինչպես գիտեք՝ բազմիցս հայտարարել ենք, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք հարցը լուծել, բայց եթե դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, մենք պետք է մտածենք լուծման այլ տարբերակներ, եւ մենք մեր գործընկերներից աջակցություն ենք ակնկալում»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի դիմո՞ւմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաեւ մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ շարունակում են քննարկել, եւ ընդհանուր մոտեցում կա, որ դա ուղղակի սահմանային միջադեպ չէ․
«Մենք շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կարողանանք հարցը լուծել, որովհետեւ նաեւ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ նման իրավիճակներում մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն, որպեսզի կարողանանք հարցեր լուծել»։
comment.count (0)