Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա
20:39 - 02 դեկտեմբերի, 2021

Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

50 տարի առաջ այս օրը հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М» մարսագնացը «Մարս-3» կայանով իջեցվեց Մարս մոլորակ։ «Մարս-3» կայանը պատմության մեջ առաջինն էր, որ փափուկ վայրէջք կատարեց կարմիր մոլորակի վրա։ Մարսին է նվիրված նաև 2022 թ․-ին Հայաստանում սպասվող գիտության և արվեստի «STARMUS» փառատոնը։ Infocom-ը այս թեմաների շուրջ զրուցել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, գիտության և արվեստի «STARMUS» փառատոնի հեղինակ և հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ։

Քեմուրջյանի «ПрОП-М»-ը Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտն է

Գարիկ Իսրայելյանն ասում է, որ մինչև 1971 թ․-ը Մարսի վրա որևէ սարք իջեցնելու փորձերը հիմնականում անհաջող ավարտ էին ունենում․ «Մարսը շատ բարդ խնդիր էր։ Մարսի մոտ կամ Մարսի վրա ինչ-որ բան իջեցնելու փորձերը սկսեցին նույնիսկ 60-ականների սկզբից, նույնիսկ Յուրի Գագարինի թռիչքից առաջ։ Թե՛  Խորհրդային Միությունը, և թե՛ Միացյալ Նահանգները սկսել էին տիեզերանավեր ուղարկել, բայց բոլոր պրոյեկտները անհաջող անցան։ Տիեզերանավերը պայթում էին, կամ այն, ինչ ուղարկում էին, սխալ ուղեծրով էր գնում ու չէր մոտենում Մարսին»։

Արդեն 1971 թ․-ին Միացյալ Նահանգները «Մարիներ 9» կոչվող արբանյակը ուղարկեց Մարս, որը, սակայն, մոլորակի վրա վայրէջք կատարելու նպատակ չուներ, իսկ Խորհրդային Միությունը Մարսը հետազոտելու համար «Մարս-2» և «Մարս-3» կայանները ուղարկեց, որոնք պիտի վայրէջք կատարեին կարմիր մոլորակի վրա։ «Մարս-2-ը» փափուկ վայրէջք չկատարեց Մարսի վրա․ մեկ ամիս անց, սակայն, «Մարս-3»-ը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջքը կատարեց կարմիր մոլորակի վրա․ «Մարս-3»-ը ուներ արբանյակ, որը սկսեց Մարսի շուրջ պտտվել ու նկարներ անել, բայց մենք միայն առաջին նկարը ստացանք, որը շատ վատ որակի նկար է, ու չէին հասկանում, թե ինչու էր այդքան անորակ։ Դա իմացանք շատ ավելի ուշ, որովհետև կապը «Մարս-3»-ի հետ վայրկյաններ անց խզվեց։ «Մարս-3»-ի մեջ դրված էր փոքր ռոբոտ, որը Քեմուրջյանն էր սարքել, դա պետք է դուրս գար ու սկսեր Մարսը հետազոտել, բայց քանի որ 15 վայրկյան հետո կապը կորավ, այդպես էլ մարդիկ չիմացան՝ այդ ռոբոտը դուրս եկավ, դուրս չեկավ, ու դրա վերջը ինչ եղավ»։ 

Այդ նույն պահին, նրա խոսքով, Ամերիկյան «Մարիներ-9» արբանյակը սկսեց նկարներ ուղարկել Մարս մոլորակից։ Նկարներից պարզ դարձավ, որ Մարսի վրա շատ ուժեղ և հզոր փոշու փոթորիկ է․ «Մարսի վրա փոշու փոթորիկները շատ հաճախ են լինում, բայց այդ տարվա փոթորիկը ահավոր մեծ էր, որովհետև Մարսի գրեթե ամբողջ մակերեսը փակել էր։ Այդ փոշու փոթորիկները իրենց մեջ էլեկտրական հոսանք են պարունակում, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Մարս-3-ի» հետ կապը կորավ, բայց պատմականորեն փաստն այն է, որ առաջին պատկերը Մարսից ստացվել էր, փաստ էր, որ առաջին անգամ փափուկ իջել էր Մարսի վրա, և որի մեջ եղել է  Քեմուրջյանի «ПрОП-М» ռոբոտը»։

«ПрОП-М» ռոբոտը

Աստղաֆիզիկոսի խոսքով՝ Խորհրդային Միությունը այս վայրէջքից հետո կրկին փորձել է սարքեր իջեցնել Մարսի վրա, սակայն փորձերի մեծ մասն անհաջող ավարտ է ունեցել․ «Մարսի հետ միաժամանակ Խորհրդային Միությունը Վեներան էլ սկսեց ուսումնասիրել։ Վեներայի դեպքում մի քանի հաջող միսիաներ եղան։ Իմիջիայլոց, միայն Խորհրդային Միությանը հաջողվեց Վեներան «գրավել», իսկ Ամերիկային՝ ոչ։ Մինչև հիմա դա մնում է ամենաբարդ մոլորակը, որովհետև Վեներան շատ խիտ մթնոլորտ ունի, այնտեղ ինչ-որ հետազոտություն անելը շատ բարդ է։ Այս տարի Միացյալ Նահանգները ուղարկում են, տեսնենք՝ ինչ կստացվի»։

Քեմուրջյանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն

Գարիկ Իսրայելյանը պատմում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ալեքսանդր Քեմուրջյանը ստեղծել է մոլորակագնացների կենտրոն, և Միացյալ Նահանգներում սկսել է ներկայացնել այդ մոլորակագնացները․  «ԱՄՆ-ում մինչև 90-ականները մոլորակագնաց չէին սարքել, դա միայն արել էր Քեմուրջյանի լաբորատորիան՝ լուսնագնաց սարքելով, ու մինչև 90-ական թվականները «ՆԱՍԱ»-ն չէր մոտեցել այդ խնդիրներին, բայց երբ Քեմուրջյանը գնաց այնտեղ, իր հետ հանդիպումներ եղան,  հոդվածներ գրեց ու Ամերիկան սկսեց սարքել մոլորակագնացներ՝ նույն Լուսանագնացի սկզբունքով, որպեսզի Մարս իջեցնի»,-ասում է նա՝ նշելով, որ մոլորակագնացների ոլորտը սկսեց զարգանալ Քեմուրջյանի շնորհիվ։

Հայազգի ճարտարագետ, առաջին մոլորակագնացների հեղինակ Ալեքսանդր Քեմուրջյանը

Աստղաֆիզիկոսը նշում է, որ անձամբ չի ճանաչել Ալեքսանդր Քեմուրջյանին, սակայն Քեմուրջյանի որդու հետ շփվելիս հասկացել է, որ գիտնականի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն․ «Պարզվում է, որ Քեմուրջյանը բավականին պատրիոտ մարդ է եղել, որի մասին գրքերում գրված չի։ Մենք դա իմացանք իր տղայից։ Նա պատմեց, որ իր հայրը շատ հայրենասեր է եղել, ու մի քանի անգամ Հայաստան է եկել։ Քեմուրջյանի լաբորատորիան զբաղվում էր հենց մատերիալների պնդությամբ․ հետազոտում էին, թե ինչից պատրաստեն անիվները։ Քեմուրջյանը օգնել էր պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիային։ Ես մի մարդու հանդիպեցի, որը այն ժամանակ Քեմուրջյանի հետ մտերիմ է եղել, բայց այդ մարդը թողել է պոլիտեխնիկի ինժեներությունը, հիմա բիզնեսով է զբաղվում։ Իրեն առաջարկեցի, որ հեռուստատեսությամբ խոսի, բայց հրաժարվեց։ Երևի Քեմուրջյանի 100-ամյակը նպաստի, որ սկսենք ավելի լուրջ ուսումնասիրել Քեմուրջյանի «հայկական մասը», Հայաստանի հետ հարաբերությունները»։

«STARMUS» փառատոնը կանցկացվի Հայաստանում և նվիրված կլինի Մարսին

2022 թ․-ի սեպտեմբերի 5-10-ը արվեստի և գիտության 6-րդ «STARMUS»  փառատոնը անցկացվելու է Հայաստանում և կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։

Գարիկ Իսրայելյանն ասում է՝ գիտեն, որ տիզերական հետազոտությունների վեկտորը մոտակա 15-20 տարիների ընթացքում ու նաև հետագայում լրիվ ուղղված է լինելու դեպի Մարս մոլորակը․ «Դրա պատճառը երևի Իլոն Մասկն էր։ «ՆԱՍԱ»-ն դա չարեց, «ՆԱՍԱ»-ն ընդհանրապես քնած էր այդ հարցում,  միտք էլ չուներ մտնել այս խնդիրների մեջ։ Դա Մասկից սկսվեց։ Կարելի է նույնիսկ ասել, որ ինքն էր պատճառը, որ մենք 2 տարուց նորից Lուսին ենք վերադառնում ու լուսին այնպես չենք վերադառնում, ինչպես 50 տարի առաջ, այլ լուսին գնում ենք՝ այնտեղ բազա սարքելու համար, լաբորատորիաներ սարքելու, որը հետո ծառայելու է որպես միջանկյալ կետ ու բազա Մարս գնալու համար»։

Իսրայելյանի խոսքով՝ գիտության ճյուղերը՝ սկսած հաշվողական տեխնիկայից, ինֆորմատիկայից, պետք է բոլորովին նոր լիցք ստանան Մարս գնալու ծրագրի պատճառով․ «Այդպես ամբիցիոզ, մեծ, հսկայական պրոյեկտ են դրել, որը երևի հազար անգամ ավելի բարդ է, քան Լուսին գնալը, բայց հաստատ ուզում են անել։ Մենք փառատոնի ընթացքում զեկուցումներ կունենանք հենց այդ թեմաներով, թե ինչ են անում, որպեսզի Մարսի վրա կարողանան հետազոտությամբ զբաղվել, ինչ հետազոտություններ են անում, որպեսզի Մարսի վրա առաջին լաբորատորիան կամ փոքր քաղաքը լինի, որովհետև մի բան է, որ այնտեղ 5 մարդ է ապրում, ուրիշ բան է, որ այնտեղ 500 մարդ է ապրում և ուրիշ բան է, որ ուզում են հետագայում 5 միլիոն մարդ ապրեն»։

Նրա խոսքով՝ շատ գիտական տեսություններ կան այն մասին, որ տարբեր պատճառներով պայմանավորված մարդիկ երկար չեն կարող դիմանալ Երկիր մոլորակի վրա․ «Մասկն էլ է դա ասում, որ եթե ոչ ամբողջ մարդկությանը, գոնե միլիոնավոր մարդկանց ինչ-որ բանաձևերի օգնությամբ, ինչ-որ ծրագրով հնարավոր լինի տեղափոխել Մարս։ Հիմա այդ խնդրով սկսել են շատ լուրջ զբաղվել, իրենք արդեն Մարսի վրա միջուկային ռեակտորներ պետք է տեղադրեն, էներգետիկա պետք է ունենան, ինչպես են սարքելու, ինչ ռեսուրսներով, ամեն ինչ երկրագնդից չես կարող տանել, դրա համար այնտեղ պետք է անել այդ ամեն ինչը ու հիմա շատ ռեսուրսներ են ներդնում այդ հետազոտությունների համար»,-ասում է նա՝ հավելելով, որ Երևանում սպասվող «STARMUS» փառատոնի ընթացքում հենց այս թեմաներով են տարբեր դասախոսություններ ունենալու։

Գիտության և արվեստի փառատոնին 50-60 մասնագետներ` տիեզերագնացներ, գիտնականներ, արվեստագետներ, կժամանեն Հայաստան․ «Փնտրում ենք շատ ունիկալ պրոյեկտներ, էքսպերիմենտալ երաժիշտների ու միջազգային աստղերի։ Ինձ թվում է՝ մի քանի ամսում այդ աշխատանքը կվերջացնենք ու երևի փետրվարին ցանկը կհայտարարենք»։

«STARMUS» փառատոններին սովորաբար մասնակցում են հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ երաժիշտներ։ Փառատոնը նախատեսվում էր անցկացնել դեռ 2021 թ․-ի սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվել էր։ 

Հայաստանում կա տիեզերական տեխնոլոգիաները զարգացնելու պոտենցիալ

Աստղաֆիզիկոսը կարծում է, որ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա, պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկոորդինացնեն աշխատանքները և մասնագետների առջև խնդիրներ կդնեն․ «Պոտենցիալ կա, որովհետև  մասնագետները տիեզերագիտության առանձին մասնագետներ չեն, դրանք նույն IT ոլորտի աշխատող ծրագրավորողներն են, միկրոէլեկտրոնիկայի ինժեներներն են, որոնք պարզապես ոչ թե սարքում են համակարգիչ, որը այստեղ ենք օգտագործում, այլ համակարգիչ են սարքում, որը դրվելու է արբանյակի մեջ ու փոքր համակարգիչը ղեկավարելու է։ Նույն ինժեներներն են, բայց իրենք աշխատում են տիեզերական ապարատների վրա, ուղղակի իրենց խնդիրներն են փոխվում, բայց մասնագիտական առումով այն, ինչ իրենք գիտեն, համարյա նույնն է»։

Ոլորտը զարգացնելու միակ տարբերակը, գիտնականի խոսքով, համագործակցելն է արտասահմանյան այն կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով են զբաղվում․ «Կոորդինացնելու ու խնդիրներ դնելու հարցն է, միակ ձևը, որ կարող է մեր մոտ արվել, համագործակցելն է հենց դրսի կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են, որովհետև այդպիսի մասնագետներ մեր մոտ չկան, ու իրենց պատրաստելն էլ շատ դժվար է, որովհետև այդպիսի ֆակուլտետ համալսարանում հնարավոր չի ստեղծել, որտեղ այդպիսի մասնագետներ կպատրաստեն։ Դա երկար է տևում ու ամենաճիշտը համագործակցությունն է արտասահմանի, Եվրոպայի այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են տիեզերական պրոյեկտներով։ Մեզ մոտ պետք է պետական մակարդակով որոշեն, որ մտնում ենք այդ շուկայի մեջ, սկզբում դա հնարավոր կլինի անել ներդրումների միջոցով։ «STARMUS»-ն էլ դրան շատ կնպաստի, որովհետև մենք կբերենք մեծ կազմակերպությունների, իրենց հետ կշփվեն, իրենց աշխատանքները կներկայացնեն, մթնոլորտ կստեղծենք»։

 

Գլխավոր լուսանկարում՝ Գարիկ Իսրայելյանը՝ այս տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել