Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ
09:21 - 05 դեկտեմբերի, 2021

Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ

ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի,  Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր, 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել են 4190 թեկնածուներ։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր 984 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 2013 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 9 տեղական հասարակական կազմակերպություններ և մեկ միջազգային կազմակերպություն, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 25 զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել