Նոր մանրամասներ պարունակող տեսանյութ՝ գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից
16:34 - 07 դեկտեմբերի, 2021

Նոր մանրամասներ պարունակող տեսանյութ՝ գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից

Այսօր մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի անձի հետ խոսելիս անդրադառնում է գերիների թեմային՝ երկխոսության ընթացքում ասելով․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք՝ էդ գերիները ովքեր են։ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ տարածված տեսանյութը մոնտաժված է, եւ որ ինքը գերիների մասին խոսել է բանակցությունների կոնտեքստում։

Նրա հայտարարությունից հետո համացանցում հայտնվեց մեկ այլ տեսանյութ՝ Ալեն Սիմոնյանի եւ այդ մարդու երկխոսության ավելի երկար տարբերակը։ Այս տեսանյութի երկխոսության այն հատվածները, որոնք չեն եղել առաջինում, ներկայացնում ենք ստորեւ․

« Ալեն Սիմոնյան - Բնականաբար մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում։ Իրանք գերիներին հետ են տալու, այլընտրանք չունեն, իրանք էդ գերիներին պահել են՝ որպես սակարկման բան, որ մեր վրա ճնշեն, որ մենք իրենց ճանապարհ տանք, որ Ղարաբաղը ճանաչենք իրանց կազմի մեջ․․․
- Բայց կստացվի՞ իրանց մոտ։
Ալեն Սիմոնյան - Դե չի ստացվում, դրա համար ենք մենք ասում, արդեն ակնարկում են, որ ասում են՝ դուք գերիներով մեզ 40 հոգով, մեր ամբողջ երկիրը մի շանտաժի ենթարկեք։ Ես կարող ա ծանր ու բարդ բան եմ ասում, բայց սա պետական մտածելակերպ ա։ Երբ դու հրաման ես տալիս գնալ-գրավել գյուղ, դու գիտես, որ զոհեր ես ունենալու։ Բայց քո նպատակը պետության համար էդ գյուղը վերցնելն ա։ Հիմա մենք պետք ա հասկանանք․․․ Մենք ամեն տեղ գերիների մասին խոսում ենք, մտցնու ենք իրենց աչքը, բայց մենք չենք կարող դա դնել մի նժարին ամբողջ ՀՀ-ի համար։ Մեր տղերքը նրա համար չեն զոհվել, որ մենք մեռնենք կամ ամեն ինչ հանձնենք թուրքին։ Իրանք մինչեւ վերջ կռիվ են տվել, հիմա մենք․․․ Ասում եմ, էդ էնքան դժվար բան ա, էնքան բան գիտակցություն ա, որ պետք ա հասկանաս, որ նման բան անելը ճիշտ չի․․․ »։ 

Տեսանյութի մեկ այլ մասում այսպիսի հատված կա․
« Ալեն Սիմոնյան - ․․․ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

-  Պաշտպանել հայրենիքը:

Ալեն Սիմոնյան - Հայրենիքը։ Հիմա, եթե ես էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Բնականաբար մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք․․․»։

Նշենք, որ այս տեսանյութից երեւում է, որ դարձյալ մոնտաժված կադրեր կան։ Նույն տեսանյութում մի քանի անգամ կրկնվում է այն դրվագը, երբ Սիմոնյանն ասում է՝ «Բնականաբար, գերիներին հետ ենք բերելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել