Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն
10:08 - 13 դեկտեմբերի, 2021

Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

2003 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչ Անդրանիկ Թեւանյանը (խոսքը պատգամավոր Թեւանյանի մասին չէ) Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով։ Հետագայում՝ 2013-ին, երբ այդ արոտավայրերն արդեն Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքների հաշվեկշիռներին էին փոխանցվել, այդ համայնքների ղեկավարները երկարաձգել են վարձակալության ժամկետը՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին չի ներկայացրել արոտավայրի վարձակալության համար կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։

Այսպես, 2003 թվականին, Արարատի մարզպետարանը Ա․Թ․-ին 884 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 1 մլն 135 հազար դրամով, 174 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 80 հազար դրամով։ 

2009թ. հոկտեմբերին վարչատարածքային բաժանման փոփոխության արդյունքում Արարատի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող այդ արոտավայրերը փոխանցվել են Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին:

2013 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը եւ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան երկարաձգել են Ա․Թ․-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ արոտվայրերի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը։ Մասնավորապես, 2013 թվականին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւս տասը տարով․ Ա․ Թ․-ն իր լիազորած անձի՝ Լ․ Ս․-ի միջոցով դիմում է ներկայացրել Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ նշելով, որ շարունակում է զբաղվել անասնապահությամբ եւ ցանկություն ունի շարունակել վարձակալության իր իրավունքը։

Դվին եւ Վերին Դվին համայնքների ղեկավարներն էլ, առաջնորդվելով Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ քաղաքացի Ա․ Թ․-ի՝ իրենց հասցեագրած դիմումներով եւ ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը․ «Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման եւ պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք»), երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագիրը։ 

Համայնքապետերը, սակայն, արոտավայրի վարձակալության պայմանագիրը երկարաձգել են այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրերի օգտագործման պլան։ Իսկ այս պահանջը նշված է ՀՀ կառավարության՝ 2011թ․ ապրիլի 14-ի N 389-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։ 

Infocom-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վ․ Դվինի եւ Դվինի համայնքապետարաններ, որոնց ի պատասխան՝ համայնքապետարաններից հաստատել էին, որ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել։ 

Արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման այդ կարգի համաձայն՝ կա արոտային թույլատրելի բեռնվածություն, որն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով։ Համայնքապետարաններից հետաքրքրվել էինք նաեւ՝ Ա․ Թ․-ն ներկայացրե՞լ է արդյոք անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք։ Ի պատասխան՝ Վերին Դվինի համայնքապետարանից պատասխանել են, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի պահպանվել։ Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Տամրազովան մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկանքը միանշանակ եղել է, ինքն այն տեսել է, սակայն, ըստ ամենայնի, կորել է, քանի որ համայնքապետարանում առկա փաստաթղթերում այն չեն գտել։ Իսկ ահա Դվինի համայնքապետարանից այդ փաստաթուղթը չէին կցել հարցման պատասխանին եւ մեր հարցին ընդհանրապես չէին պատասխանել։ Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը մեր զրույցում նույնատիպ պատասխան տվեց՝ հավաստիացնելով, որ Ա․ Թ․-ն տեղեկանք ներկայացրել է, սակայն իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթում այն եւս առկա չէ։ 

Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը կեղծելու դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվում, մեկ տարի անց՝ կարճվում

Նախորդ տարի՝ 2020 թվականին, արոտավայրը վարձակալության տալու պայմանագրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ Ա. Թ․-ն անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դվին եւ Վ. Դվին համայնքների ղեկավարները, առանց հաշվի առնելու ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 14-ի թիվ 389-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, այն է՝ մինչեւ արոտվայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան՝ հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը եւ արոտավայրերի բերքատվությունը, եւ 12-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են կոնկրետ գործակիցներով, Ա․ Թ․-ի կողմից անասուններ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնելու պայմաններում 10 տարի ժամկետով երկարաձգել են 2003-ին կնքված պայմանագրի ժամկետը։ 

Արծրուն Աբրահամյանը, աղբյուրը՝ irates.am

Մասնավորապես, Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը 441 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 595,000 ՀՀ դրամ գումար, իսկ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լ. Պետրովան 574 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 617.915 ՀՀ դրամ գումար:

Լյուդմիլա Պետրովան, նկարը՝ ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեսանյութից

Այս փաստի առթիվ 2020թ. մայիսին ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընդունվել է Արարատի մարզային քննչական վարչության վարույթ: Այս տարվա մայիսի 19-ին, սակայն, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։


Տեղեկանքը կորում է երկու համայնքապետարաններից, չկա նաեւ Քննչական կոմիտեում

Վերադառնալով կորած փաստաթղթին՝ նշենք, որ անասնագլխաքանակի վերաբերյալ ենթադրյալ տեղեկանքը, որ պետք է ներկայացրած լիներ Ա․ Թ․-ն, չկա նաեւ Քննչական կոմիտեում։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ քրեական գործի նյութերում չկան Դվինի եւ Վերին Դվինի համայնքապետարաններից առգրավված փաստաթղթերի բնօրինակներ։

Պատասխաններ ստանալու համար ստիպված ենք եղել տասնյակ զանգեր կատարել համայնքապետարաններ։ Բանն այն է, որ մեր գրավոր հարցմանը Դվինից ու Վերին Դվինից նախ պատասխանել էին, թե հայցած փաստաթղթերը համայնքապետարաններում չեն, եւ որ դրանք տրամադրել են քննչական բաժնին։

ՀՀ քննչական կոմիտեից էլ պատասխանում էին, որ քրեական գործը կարճվել է, իսկ իրենց մոտ փաստաթղթեր չկան։ Փորձում էինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունից ճշտել՝ արդյոք քրգործում եղած փաստաթղթերը վերադարձվե՞լ են համայնքապետարաններին, թե՞ ոչ, քանի որ համայնքների ղեկավարները պնդում էին՝ իրենց մոտ չկան փաստաթղթեր։ Մարզային քննչական վարչության քաղաքային հեռախոսահամարներն օրեր շարունակ չէին աշխատում։ Ուստի կապ հաստատեցինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի հետ, որը մեր զրույցում ասաց, որ այդ գործով իրենց մոտ փաստաթղթերի բնօրինակներ չեն եղել, ինչ եղել է՝ քրեական գործի մեջ է, իսկ գործը ՔԿ-ում արխիվացվել է։ Թադեւոսյանը հեռախոսազանգով մեր մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ ինչ կա, պատասխանվել է։

Նորից դիմեցինք համայնքապետարաններ՝ այս անգամ ուղիղ կապ հաստատելով համայնքի ղեկավարների հետ։ Լյուդմիլա Պետրովան եւ Արծրուն Աբրահամյանը մեր զրույցում ասացին, որ որոշ փաստաթղթեր իրենց մոտ կան, դրանք կարող են ուղարկել։ Մեր հարցին՝ իսկ ինչու գրավոր հարցման պատասխանում դրանք չէին տրամադրել, հստակ պատասխան չտրվեց։ Ի վերջո տրամադրեցին համայնքապետարաններում առկա փաստաթղթերը, որոնցում, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էին անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքն ու արոտավայրի օգտագործման պլանը։ Համայնքապետերը նաեւ նշեցին, որ իրենք չեն ստացել քրեական գործի կարճման որոշումը։

Համայնքապետարաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2013-2020 թվականներին Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ն տարեկան վճարել է 595 հազար դրամ, Վ․ Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար՝ տարեկան 617 հազար 915 դրամ։ Այս տարվա վճարը դեռեւս չի արվել։ 

Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են արոտավայրը վարձակալության տրամադրելու՝ 2003թ․ պայմանագիրը, արոտավայրերի հատակագծերը, Արարատի մարզպետի՝ Դվին գյուղական համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ արոտավայրի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին, ժամկետը երկարաձգելու մասին Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ի՝ ամեն տարի վճարած գումարի տեղեկանքները, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Հարցին՝ այլ փաստաթղթեր չկա՞ն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը պատասխանեց՝ ինչ գյուղապետը տրամադրել է, ուղարկել են, եթե չեն ուղարկել, ապա, ըստ ամենայնի, իրենց մոտ այլ փաստաթղթեր չկան։

Վերին Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են մարզպետի դիմումը համայնքապետին, Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։

Նշենք, որ արոտավայրերը վարձակալության տրամադրելու համար մրցույթ չի հայտարարվել։ 

Այսպիսով, քաղաքացի Ա․ Թ․-ն 2003թ․-ին Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա արոտավայր վարձակալելու մասին պայմանագիր՝ տասը տարի ժամկետով։ Հետագայում արոտավայրերը փոխանցվել են մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո երկու համայնքների ղեկավարները եւս տասը տարով երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագրերը այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրի օգտագործման պլան, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստի առիթով նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ Ա․ Թ․-ն նաեւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել, հարուցել են քրեական գործ, բայց մեկ տարի անց կարճել այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն այդ տեղեկանքը՝ լինի կեղծ, թե իրական, այժմ չկա ոչ Քննչական կոմիտեում, ոչ էլ համայնքապետարաններում։ Համայնքապետարաններից ստացած պատասխանների համաձայն՝ այդ փաստաթուղթը կորել է։ Ընդ որում՝ համայնքապետարաններից հստակ պատասխանում են՝ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել, բայց նույնպիսի հստակությամբ չեն պատասխանում՝ ուր է կորել անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել