Վերջին ժամանակներս կառավարող ուժին հարող մի շարք լրատվամիջոցներ և սունկ կայքեր պարբերաբար անդրադառնում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ նրան հաճախ դարձնելով չփաստարկված քննադատությունների թիրախ։
Infocom-ն արդեն գրել է, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված FreeNews.am կայքը վերահրապարակել էր «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ», ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։ FreeNews.am-ը հղվել էր armenianews.net և medianews.site կայքերին․ դրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, իսկ վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն գրված չէր։
Դեկտեմբերի 12-ին էլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը՝ armtimes.com-ը, հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդված (այն ավելի ուշ վերահրապարակել են կառավարող ուժին հարող FreeNews.am, Civic.am, armpublic.com կայքերը), որտեղ, Մարությանին անուղղակիորեն մեղադրելով ճամբարափոխ լինելու մեջ եւ հղում անելով «շրջանառվող տեղեկություններ»-ին, գրել է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերեւս ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- ընդգծել է կայքը։
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները մայրաքաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։ Դրանք, ըստ էության, գովազդային պաստառներ էին, իսկ արտաքին գովազդի տեղադրումը Երեւան քաղաքում կանոնակարգվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշմամբ։
Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ Երեւանի ավագանին, ի թիվս այլնի, ունի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով) սահմանելու լիազորություն։ Նույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետը օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։ Իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ՝ քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։
Գովազդի տեղադրման թույլտվություն տալու կարգը սահմանված է Երեւան քաղաքի ավագանու N 37 որոշման 2-րդ գլխով։ Ըստ այդմ, գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին (իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին): Եթե դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխանում են այս որոշմամբ սահմանված կանոնների պահանջներին, կամ դիմողը վերացրել է ձեւական խախտումները, ապա տվյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ ուրվանկարների եւ համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման եւ լուծման համար:
Նույն որոշման 3-րդ գլուխն էլ սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդի տեղադրման չափորոշիչները, որոնք վերաբերում են տեխնիկական պահանջներին եւ սահմանափակումներին։
Իսկ բովանդակային պահանջների վերաբերյալ մանրամասն կանոնակարգում է առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի սահմանափակումներ տարածվում են առանձին տեսակի ապրանքների գովազդի վրա, ինչպիսիք են, օրինակ, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, մինչեւ վեց ամսական երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչները, թմրադեղերը, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերը, զենք-զինամթերքը, վիճակախաղերը։ Նույն օրենքով երաշխիքներ են սահմանված գովազդի օրինականության, հավաստիության, պատշաճության, ինչպես նաեւ՝ գովազդային ոլորտում անչափահասների պաշտպանության համար։
Մեջբերված նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ եթե գովազդը, այդ թվում՝ գրքի, համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ապա դրա նկատմամբ սահմանափակումներ տարածելու լծակներ չունեն ոչ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, ոչ էլ տվյալ վարչական շրջանի ղեկավարը։
Ի դեպ, քանի որ Քոչարյանի գրքի պաստառները փակցվել էին ապրիլին եւ շարունակում էին վահանակներին մնալ նաեւ մայիսին՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով դրանք ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Հանձնաժողովը նման եզրահանգման էր եկել՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու էր «Հայաստան» դաշինքից։ ԿԸՀ-ի որոշումների դեմ, սակայն, Քոչարյանը բողոքներ էր ներկայացրել Վարչական դատարան, եւ վերջինս դրանք բավարարել էր ու անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները։ Վարչական դատարանի այդ վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։
Այսպիսով, «Հայկական ժամանակ»-ի այն շեշտադրումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)