Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, ավագանու մանդատն օրերս վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառումներով հանդես եկան, որոնցում խոսում էին այս տարվա փետրվարին քաղաքապետարանում կազմակերպված մի սաբոտաժի մասին, որով փորձ է արվել տապալել ավտոբուսների գնման գործընթացը։
Վահե Գեւորգյանը գրառմամբ հայտնել է, որ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել՝ ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի եւ նոր ավտոբուսների գնումը տապալվի․
«Դա կնշանակեր, որ երեւանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլև այն ժամանակ նաեւ կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձը արվում է՝ ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միեւնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետեւ ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ»,- գրել է Գեւորգյանը՝ նշելով, որ, նիստն, այնուամենայնիվ, մեծ ջանքերի շնորհիվ կայացել է, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, ավագանու որոշ անդամների հետ հատ-հատ հաշվել են՝ քանի հոգի է նիստին մասնակցելու․
«Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։ Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երեւան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։ Հարգելի երեւանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական եւ կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»,- եզրափակել է ավագանու անդամը։
Գրիգոր Երիցյանը եւս նշել է, որ այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած՝ 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը․ «Այնուամենայնիվ, քաղաքապետի եւ ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ եւ որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երեւան հասնել, սաբոտաժի մասնակիցները, իրար հերթ չտալով, փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը»,- գրել է Երիցյանը՝ հավելելով, որ այս սաբոտաժի փորձը ավելի խորացրեց քաղաքապետի եւ կառավարող խմբակցության միջեւ ճգնաժամը։
Իզաբելլա Աբգարյանն էլ գրել է, որ նիստի նախօրեին իրեն է զանգահարել քաղաքապետը եւ խնդրել հաջորդ օրը ներկա լինել նիստին, քանի որ այն փորձելու են տապալել․
«Նիստի նախօրեին զանգեց Հայկը... Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երեւանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում․․․»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը: Հալալ էր նաեւ ԲՀԿին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին: Երեւանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարեւոր «Իմ քայլի» համար,- գրել է Աբգարյանը:
Իզաբելլա Աբգարյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փետրվարին տեղի ունեցած այդ արտահերթ նիստով պետք էր շտապ հաստատել ավտոբուսների գնման համար գումար տրամադրելու հարցը, որպեսզի հնարավոր լիներ ավտոբուսները ժամանակին ստանալ։
«Ինչպես գրել եմ՝ փաստորեն, նիստի նախօրեին տեղի էր ունեցել պլանավորված սաբոտաժ, եւ աշխատանք էր տարվել հենց «Իմ քայլի» ներսում, որպեսզի մի խումբ պարզապես չգրանցվի, քվորում չլինի։ Դա էր, որ քաղաքապետին հայտնի էր դարձել, շատ քիչ ժամանակ կար, դրա համար էր ուշ երեկոյան զանգահարել»,- ասաց Աբգարյանն ու նշեց, որ իր համար տարօրինակ չէր, քանի որ տեղյակ էր՝ սաբոտաժներ պարբերաբար լինում էին, բայց դրանք չէին հասնում նիստերի դահլիճ․
«Այս անգամ իրենց կարծես հաջողվելու էր, եւ, բառիս բուն իմաստով, եթե ես, օրինակ, ներկա չլինեի, չէինք կարողանալու գնել ավտոբուսները՝ ուղիղ մեկ ձայն տարբերությամբ»,- ասաց Աբգարյանը՝ նշելով, որ քվեարկության ժամանակ ավագանու անդամներն ուղղակի դուրս էին եկել նիստերի դահլիճից։
Թե ինչ շրջանակներից են փորձել սաբոտաժ անել, ինչ անուններ կարող է հնչեցնել, նա հիշեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն իրեն ասել է՝ սրանք վատ ավտոբուսներ են, Տիգրան Ավինյանն ասել է՝ մի քիչ համբերեն, նոր ավտոբուսներ կգնեն․ «Տեսաք, վերջերս կառավարության նիստին Երեւանի համար վարկ վերցվեց, որպեսզի Երեւանի համար իսկապես ավելի բարձր դասի ավտոբուսներ գնվեն։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե վարկի հնարավորությունը կար, ինչո՞ւ ավելի վաղ չէին վերցնում վարկը, հետո՝ մենք հասկանում էինք՝ բացի ծանր ձմեռից, որ սպասվում էր Երեւանցիներին, կար նաեւ մեկ այլ բան․ շարժակազմը հասել էր կրիտիկական վիճակի, տրանսպորտը կաթվածահար էր լինելու»։
Մեր զրուցակիցը հիշեց՝ բոլոր մեծ նախագծերը՝ մետրոյի կայարան, ճոպանուղի, երբ քաղաքապետարանից գնում էին կառավարություն, այնտեղ դրանց կուրացիայով զբաղվում էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Ես հիմա իրավունք ունեմ կասկածելու, որ հատուկ էին տապալվում Երեւանի այդ մեծ գնումները, որոնց երեւանցիներն այդքան սպասում էին, եւ Հայկ Մարությանն անընդհատ հայտնվում էր հարվածների տակ, թե՝ ասացիր, չարեցիր։ Արթուր Մեսչյանին էին մեղադրում մարդիկ ու ծաղրում, թե՝ ինչ եղավ մետրոն, այնինչ Մեսչյանն իր հասանելիքն արել էր, ամբողջ նախագծերը կային»։
Ըստ Աբգարյանի՝ այն, որ Մարությանը փորձում էր ինքնուրույն կառավարել քաղաքը, դուր չէր գալիս կենտրոնական իշխանությանը․ «Կենտրոնական իշխանությունը ձգտել է՝ ամեն տեղ ինքը կառավարի, դա ուղիղ միջամտություն էր՝ ՏԻՄ աշխատանքին, բայց Հայկ Մարությանը ենթարկվող տեսակ չէ, Մարությանն ունի իր պատկերացումները, նա չի կատարում կուսակիցների որոշումները, եթե գտնում է, որ այդ որոշումները երեւանցիների ու Երեւանի շահերից չեն բխում։ Նա բազմիցս «հանդգնել» է մերժումներ տալ տարբեր մարդկանց, արդյունքում հայտնվել է այդ աննախանձելի վիճակում»,- ասաց Աբգարյանը։
Վերջինս, խոսելով այն մասին, որ «Իմ քայլն» իր հայտարարություններում հիմնական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ քաղաքապետը չի համագործակցում խմբակցության հետ, նշեց, որ իրականում ավագանու խմբակցությունն ամուր հենարան չի եղել քաղաքապետին․ «Եվ քաղաքապետին շատ դժվար է եղել աշխատել, որովհետեւ մի կողմից գիշերներ էր լուսացնում, որ խնդիրներ լուծի, մյուս կողմից՝ ինտրիգներ, խժդժություններ՝ հենց իր խմբակցության ներսում, իր հանդեպ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ի դեպ, ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր զանգերն անպատասխան մնացին։
Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս գրառումներից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ չնայած Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ), այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել եւ «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները․
«Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երեւանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ»,- ասված է հայտարարության մեջ՝ նշմամբ, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը․
«Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)