Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել
14:38 - 24 դեկտեմբերի, 2021

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։

Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։

Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր:

ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը:

Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար:

Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ: 

Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ:

Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը:

Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար:

ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից:

Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում:

Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է:

Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ:

«Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում:

Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր:

Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։

Լուսանկարը՝ pexels.com հարթակից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել