Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ
21:43 - 25 դեկտեմբերի, 2021

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Վերջին օրերին քննարկումների առիթ էր դարձել ինչպես քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, այնպես էլ քաղաքապետարանի ձեռք բերած և ձեռք բերվելիք ավտոբուսների խնդիրը։ Վերջինիս վերաբերյալ եղան տարատեսակ մեկնաբանություններ, մասնավորապես թե ինչ միջոցներով են ձեռք բերվում ավտոբուսները, քանի հատ պետք է ձեռք բերվեն, տրանսպորտային ցանցի քանի տոկոսն է թարմացվում և այլն։ Եղան նույնիսկ երկկողմանի մանիպուլյացիաներ, ինչին Ինֆոքոմն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։

Սակայն քաղաքապետարանի կայքի «Տրանսպորտ» բաժնում դեռևս շարունակում են մնալ տեղեկություններ, որոնք ճիշտ չեն կամ մասամբ են ճիշտ։ Այս բաժնի «Երթուղային ցանց» ենթաբաժնում նշված է․ ««Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների ողջ խմբաքանակը (100 հատ) ներկրվել է մայրաքաղաք»։

«Ավտոբուսային փոխադրումներ» ենթաբաժնում էլ նշված է․ «Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2021 թթ․ մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-2021թթ․՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)»։

Այսպես, քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ WYG ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է գնել փոքր և միջին չափի ավտոբուսներ, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, արվում է։ Սակայն Ընկերության ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ իրականում փոքր դասի ավտոբուսների մասին ոչ մի խոսք չկա։ 

Ըստ հաշվետվության՝ առաջարկվել է ձեռք բերել 3 տեսակի ավտոբուսներ։ Առաջինը միակցված ավտոբուսն է, որի երկարությունը 18 մետր է, տեղատարողությունը՝ 150 ուղևոր։ Սա նախատեսվել է բարձր թողունակությամբ հիմնական երթուղիների սպասարկման համար։ Երկրորդը մեծ չափի ավտոբուսն է, որի երկարությունը 12 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր։ Սա նախատեսված է հիմնական որոշ երթուղիների և ծանրաբեռնված սնուցող երթուղիների սպասարկման համար։ Երրորդը միջին չափի ավտոբուսն է, որի երկարությունը 7․5-8․5 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 45-55 ուղևոր։ Սա էլ նախատեսված է սնուցող երթուղիների սպասարկման համար։

Բրիտանական ընկերությունը հաշվի է առել նաև նեղ փողոցները․ այնուամենայնիվ, ընկերությունը խորհուրդ չի տալիս միկրոավտոբուսների շահագործումը։ Ըստ հետազոտության՝ որոշ դեպքերում կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ ավտոբուսների օգտագործումը: Նորմալ ավտոբուսի լայնությունը 2.5 կամ ավելի մետր է, բայց կան մոտավորապես 2.2 մետր լայնությամբ տրանսպորտային միջոցների ևս: Դրանք հասանելի են տարբեր երկարություններով: Նման տրանսպորտային միջոցների օգտագործումը ավելի նեղ երթուղիներում կարող է հեշտացնել աշխատանքը:

WYG ընկերությունը չի առաջարկել փոքր չափի ավտոբուս, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված, թե ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է ձեռք բերել փոքր և միջին դասի ավտոբուսներ, որոնցից փոքրերը, ըստ իրենց, արդեն ձեռք են բերվել։

Սակայն քաղաքապետարանի նշած տեղեկության մեջ այլ անճշտություն էլ կա։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով (կարող եք տեսնել հավելված 6-ում) ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ 

Այսինքն՝ ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի կայքում հատուկ տեղ է հատկացված միկրոավտոբուսներին, որտեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։

WYG ընկերության վերջին հաշվետվությունը եղել է 2019 թվականի հունվարի 30-ին։ Այս հաշվետվությամբ տվյալներ են եղել նաև  Երևանի ավտոբուսների հավաքակազմի վերաբերյալ։ Սակայն հաշվետվությամբ նշված և քաղաքապետարանի կայքում առկա տվյալներում դարձյալ կան անճշտություններ։ Քաղաքապետարանի կայքի այժմյան տվյալներով՝ ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, սակայն սա կարող է չհամապատասխանել ընկերության ուսումնասիրության տվյալներին, քանի որ վերջին հաշվետվությունից հետո, գուցե, հավաքակազմում փոփոխված լինեն ավտոբուսների թվաքանակները։

Սակայն ինտերնետային արխիվի միջոցով դիտարկեցինք քաղաքապետարանի էջի տվյալները 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ՝ վերջին հաշվետվությունից 4 օր անց։ Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ այն ժամանակ էլ նշված տվյալները չեն համապատասխանել ընկերության հաշվետվության մեջ առկա տվյալներին։ Քաղաքապետարանի էջում նշված է եղել, որ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում եղել է 667 ավտոբուս, իսկ բրիտանական ընկերության վերջին հաշվետվությամբ՝ շահագործվող ավտոբուսները 522-ն են, իսկ ընդհանուր՝ 576։ Հետևաբար հնարավոր է, որ  կայքում նշված տվյալներում և իրականում հիմա էլ լինեն անհամապատասխանություններ։

Այսպիսով՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել