Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին
12:43 - 27 դեկտեմբերի, 2021

Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին։

Քոչարյանի կարծիքով՝ պարզ է, թե ՀՀ ներկայիս իշխանությունները ինչպես են պատկերացնում Արցախյան հարցի լուծումը․ «Հիմա արժի՞ փորձել ուղղակի չեզոքացնել այդ վտանգը և մեկ այլ ճանապարհով գնալ, թե՞ չարժի, թե՞ ուղղակի հոսանքի մեջ մտնենք՝ ասենք՝ այս մարդիկ սա են ուզում, գնանք, անենք։ Երկընտրանքը սրա մեջ է։ Մի կողմից արդեն պարզ է՝ սրանք ինչ են ուզում, ուր են մեզ տանում, մյուս կողմից ասում ենք՝ կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգավոր ճանապարհը։ Հիմա անե՞նք, թե՞ չանենք, ես եմ, ես չեմ, մեկ ուրիշն է, դա արդեն կարևոր չի, մեր ելակետը դա պետք է լինի, մենք թույլ ենք տալիս անել, թե թույլ չենք տալիս»։

Քոչարյանն ասաց, որ տեսնում է դիվանագիտական ակտիվ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկելու հնարավորություն․ «Տեսնում եմ այդ ճանապարհը։ Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է, հիմա իմ առաջարկը՝ փոխենք։ Հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Այո, ես տեսնում եմ այդ ճանապարհը։  Շատ բարդ է լինելու, առանց կորուստի չի լինելու, չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը մենք կորցրել ենք, բայց այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել»,-ասաց նա՝ նշելով, որ նաև Արցախի կարգավիճակի հարցը նկատի ունի։

Նա առաջարկեց համեմատել, թե բանակցային ինչ ժառանգություն են ստացել 1998 թ․-ին և 2008-ին։ Քոչարյանը վստահեցրեց՝ հասկանում է, թե ինչ է պետք անել։ «Չեմ կարող երաշխավորված, 100%-անոց ասեմ, որ` այո, սրան հասնելու ենք, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել։ Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է, ես չգիտեմ՝ բացի իրենց համոզմունքից՝ ում շահերն են սպասարկում, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր, անկասկած, կա։ Հիմա ասում եմ՝ չեզոքացնենք այդ ամենը։ Դետալների մեջ չեմ մտնելու, բայց սա մի հարց է, որը կարող եմ նաև ձեր հետ առանձին հանդիպման ժամանակ, ոչ թե հարցազրույցի ձևով, բայց բացել, թե ինչ կարելի է անել։ Սրանք փորձելու են նաև այդ ճանապարհները փակել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել